Մարինա Վլադին աճուրդի է հանել Վիսոցկու հետմահու դիմակը
Դերասանուհի Մարինա Վլադին բացատրել է, թե ինչու է աճուրդի հանել Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու նրա բանաստեղծություններից մեկի ինքնագիրը: Նա իր որոշումը բացատրել է կյանքում տեղի ունեցած «շրջադարձով»:
«Ամեն ինչ շատ պարզ է: Տեղափոխվում եմ: Ես մենակ եմ ապրում մեծ տանը, ինչն այդքան էլ հեշտ չէ: Ահա թե ինչու է եկել Փարիզին ավելի մոտ լինելու ժամանակը: Ես կունենամ փոքրիկ բնակարան, ու բնական է, ամեն ինչ հետս չեմ տանի: Բաժանվում եմ թանկարժեք իրերից, նկարներից, քանդակներից, գրքերից»,- ասել է Վլադին «Ռուսկայա գազետային» տված հարցազրույցում: «Հարցը միայն գումարը չէ: Ես շրջում եմ կյանքս ու նետվում եմ ապագայի գիրկը»,- բացատրել է դերասանուհին:
Մասնավորապես, աճուրդի են հանվել Վիսոցկու հետմահու դիմակը՝ պատրաստված բրոնզից ու պոետի վերջին բանաստեղծություններից մեկը՝ հասցեագրված Մարինա Վլադիին: Այն գրված է տրանսպորտային տոմսի վրա ու թվագրված է 1980 թվականի հունիսի 11-ով:
Հետմահու դիմակի մեկնարկային գինը 30-50 հազար եվրո է, բանաստեղծությանը՝ 10-15 հազար եվրո: