«Հայաստանը ևս պետք է զգուշանա»
«ՌԴ ներկայիս իշխանությունները չեն հասկանում, թե ինչպիսի վտանգավոր ավանտյուրայի մեջ են ներքաշվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս հրապարակախոս, ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների նպատակահարմարությանը:
Նա նշեց, որ ՌԴ ներկայիս իշխանություններն ամբողջությամբ չեն հասկանում իրավիճակի ողջ բարդությունը, հատկապես, երբ ՌԴ նախագահը սկսել է այս արշավը Սիրիայում՝ Ուկրաինայում իր պարտությունը ծածկելու նպատակով, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Նրա գնահատմամբ` Պուտինը ստիպված է Ուկրաինայից հետո կտրուկ փոխել, կարելի է ասել, կտրուկ կերպով բարձրացնել խաղադրույքները, որպեսզի պարտությունը զգալի չլինի: Նա կիսվեց նաև իրեն հասած դավադրության տեսություններից մեկով այն մասին, որ Օբամայի ադմինիստրացիան չի խոչընդոտում Պուտինի գործողություններին Սիրիայում, քանի որ այն պատրաստի թակարդ է: Այս ամենի հետևանքը, նրա համոզմամբ, միջուկային պատերազմն է կամ բռնապետի հրաժարականը: Այս իրավիճակում, ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանը, որը երկու տարի առաջ պուտինյան ճնշումների ներքո հրաժարվեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ևս պետք է զգուշանա, քանի որ կարող է հայտնվել թակարդում՝ աչալրջության պակասի դեպքում: