Հայաստանի դատավճիռը

«Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ»,- այսպես է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մեր տեսլականը հստակ է այնպես, ինչպես և մեր ապագան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Երկու օր առաջ նույն ամբիոնից ելույթ էր ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսել էր առավելապես ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության և անվտանգության թեմաների վերաբերյալ: Այդ խնդիրների ու հնչած ձևակերպումների տեսանկյունից Սերժ Սարգսյանի ելույթը հաջողված էր և համարժեք այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչն ընդունում են անգամ նրա ընդդիմախոսները:

Տվյալ դեպքում, խոսքը, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնի կամ առաջնորդների հռետորաբանության մասին չէ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր խոսում Հայաստանի երազանքների մասին, այն դեպքում, երբ մենք՝ հայերս, գոնե մեր ինքնագնահատականի առումով, ունենք ավելի մեծ սիրտ և միշտ դա ներկայացնում ենք՝ որպես առավելություն՝ մեր հարևանների հետ համեմատվելիս: Խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունը՝ որպես հանրույթ, ըստ էության, չունի երազանք: Նաև երազանքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում առաջնորդվում է իրավիճակային, այսրոպեական շահերով ու դիրքորոշումներով, մի օր տրվում է Ռուսաստանին, մի քանի օր անց հավատարմության երդում է տալիս Արևմուտքին:

Երազանքի ու այդ երազանքի իրացմանն ուղղված ռազմավարության բացակայության մասին վկայող հակասությունների շարքը, դժբախտաբար, կարելի է անվերջ շարունակել, դրանցով լցված է մեր՝ պետության ու հասարակության կյանքը: Ու, թերևս, պատահական չէ, որ հայ ժողովրդի դարավոր երազանք համարվող անկախությունն անցած 24 տարիների ընթացքում ոչ միայն չփայփայվեց ու չհզորացվեց, այլև հասցվեց խոցելիության վտանգավոր աստիճանի: Դա երազանքի՝ պետական, հանրային երազանքի բացակայության ամենացավալի վկայությունն է:

«Մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե՝ ապագայի, այլ՝ անցյալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք, ինչը շատ վտանգավոր եմ համարում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: Թերևս, հենց այս տրամաբանությունն է ընկած այն իրողության հիմքում, որ հայ ժողովրդին եթե ինչ-որ բան իսկապես միավորում է, դա Հայոց ցեղասպանության հիշողությունն է ու դրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը, որը, որքան էլ ոչ հաճելի հնչի, նմանվում է երազանքի: Իրականում, սակայն, դա հակաերազանք է:

«Իսկական երազանքը պարադոքսալ հատկություն ունի. եթե այն կիսում ես ինչ-որ մեկի հետ, նրա ուժը բազմապատկվում է»,- մեկ այլ առիթով ասել է նույն Ռուբեն Վարդանյանը:

Հայաստանը երազանք չունի և, եթե աշխարհի հետ ինչ-որ բան կիսում է, ապա՝ միայն դժբախտությունները, մնացած ամեն ինչը ոչ թե՝ կիսելով, այլ՝ ամբողջությամբ տված լինելով Ռուսաստանին:

Կյանքը ցույց է տալիս, որ դրա արդյունքում բազմապատկվում է ոչ թե մեր ուժը, այլ դժբախտությունները: Իրականում բոլոր մարտահրավերները՝ ներքին, արտաքին, կարելի է հաղթահարել, բայց լայն իմաստով՝ որպես պետություն և հասարակություն, մենք դատապարտված ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք ձևակերպել մեր իրական երազանքը, դեպի ապագա ուղղված երազանքը: Քանի դեռ չենք ձևակերպել՝ ունենալու ենք այս ու այն բևեռների միջև խարխափող ընդդիմություն ու իշխանություն, արտագաղթը փրկության միակ ճանապարհ համարող հասարակություն: Իսկ դա պետության համար ավելի սարսափելի դատավճիռ է, քան նույնիսկ արտաքին որևէ ոտնձգություն:

Տեսանյութեր

Լրահոս