«…Ձեռքս չէր դողում, մատս ձգանին էր. սպասեցի հարմար պահի, նշան բռնեցի ու կրակեցի…». Շարքային Հայկ Հակոբյան
«Մառախուղ էր, մի քանի մետր էր տեսանելիությունը: Մարտական հերթափոխը կատարվել էր 16:00-ին, և արդեն 10-15 րոպե սահմանագոտու տվյալ հատվածի պատասխանատուն ես էի՝ շարքային Հայկ Հակոբյանս: Առաջին անգամ չէի դիրքեր բարձրանում, իմ ամեն անգամվա պարտականություններն էի կատարում և ներքուստ հանգիստ էի:
Խրամատում կանգնած մտորում էի: Մտքովս հազար ու մի բան էր անցնում՝ կարո՞ղ է արդյոք հակառակորդը առաջխաղացման փորձ կատարել տվյալ տեղանքում, նման բան նկատելիս ի՞նչ է պետք անել և այլն: Մառախուղը մի փոքր հետ քաշվեց: Դիտարկում էի կատարում և զմայլվում գեղեցիկ բնությամբ. ամպի քուլաները կախվում էին լեռների գագաթներից, ապա դանդաղ իջնում դեպի ձորակը, մեկ էլ սրընթաց շարժվում էին տարբեր ուղղություններով, խառնվում իրար, անթափանց շղարշով պատում հսկա լեռը: Նման գեղեցիկ ներդաշնակություն շատերը միայն ֆիլմերում են տեսել: Եվ այդ ներդաշնակության մեջ ինչ-որ օտար և ավելորդ բան նկատեցի:
Մի պահ լարվեցի, սակայն ոչ մի շարժ չկար: Ավելորդ խուճապ չէի ուզում բարձրացնել, բայց զգոնությունս չթուլացրի ու շարունակեցի ակնդետ շուրջբոլորը նայել: Եվ հանկարծ նոսրացող մառախուղի մեջ հստակ տեսա երեք շարժվող կետ: Փորձում էին մառախուղից օգտվելով՝ աննկատ առաջ գալ:
Բավական մոտեցել էին մեր դիրքերին: Ինձ համար ամեն ինչ միանգամից վերացավ. միայն այդ երեք կետերն էին: Հաջորդ վայրկյանները չափազանց երկար թվացին, մի ամբողջ հավերժություն: Ի՞նչ անել, պետք էր որոշում կայացնել: Եթե օգնություն կանչեի և սպասեի, միգուցե, հակառակորդը հասցներ փախչել կամ էլ՝ ավելի վատ, հարմար բնագիծ զբաղեցնել դիվերսիոն-հետախուզական ջոկատի հիմնական ուժերի առաջխաղացման համար: Մի տեսակ ավելի էի կենտրոնացել:
Ինձ համար անսահման երկար, բայց իրականում վայրկյաններ տևած որոշման ընդունումից հետո սեղմեցի տագնապի ազդանշանը, գնդացրովս նշան բռնեցի և կրակեցի: Ձեռքս չէր դողում, բայց ինձ ավելի վստահ զգացի, երբ տեսա, որ հենց առաջին կրակոցիցս մեկն ընկավ: Մյուս երկուսը միանգամից հետ քաշվեցին, վիրավոր էին, թե ոչ, չգիտեմ: Շարունակում էի կրակել ու նոր թիրախ փնտրել:
Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան: Ուրեմն, ամեն ինչ կարգին է. կարողացել էի կանխել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
ՁԵՌՔՍ ՉԷՐ ԴՈՂՈՒՄ…Հակառակորդը սկսեց կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Փորձում էին ապահովել իրենց դիվերսանտների նահանջը: Փոխհրաձգություն սկսվեց: Մեր կողքի հենակետերն էլ կրակով աջակցեցին մեզ»:
Շարունակությունն այստեղ