Արցախում մատենադարանի մասնաճյուղը կբացվի այս տարվա ընթացքում

«Փյունիկ» հիմնադրամն այս տարի նախատեսում է Արցախի Հանրապետությունում մատենադարանի մասնաճյուղ բացել:

«Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ներկայացնելով հիմնադրամի առաջիկա ծրագրերը, ընդգծեց, որ այս տարի հիմնադրամի բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել, և մնացել է միայն Արցախի Գանձասարում մատենադարանի մասնաճյուղի բացումը:

«Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ավարտին են հասնում, սակայն հիմա հստակ չեմ կարող ասել, թե երբ կկարողանանք շահագործման հանձնել, բայց դա կլինի այս տարվա մեջ»,- նշեց Ջամբարջյանը՝ հավելելով, որ այս տարվա համար հիմնադրամն այլ ծրագրեր չունի, սակայն կարող են լինել մանր ծրագրեր, որոնք կարող են քննարկվել և կյանքի կոչվել:

Ամփոփելով տարին՝ Ջամբարջյանը բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը՝ հավելելով, որ Սփյուռքի և Արցախի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչել: «Նաև այդ արդյունավետ համագործակցության արդյունքում էր, որ այդքան լավ կազմակերպվեցին և իրականացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Իսկ ամենագլխավոր ձեռքբերումը Հռոմի պապի մատուցած պատարագն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ընդգծեց Ջամբարջյանը՝ հույս հայտնելով, որ մինչև 2016թ. ապրիլի 24-ը դեռ շատ ձեռնարկներ են լինելու և շատ հարցեր են պարզվելու:

Տեսանյութեր

Լրահոս