Իջևանի քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ տեսանյութեր են տարածվել համացանցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին կայացած Իջևանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքի «Իջևան» խմբում, տեղադրվեցին Yutube-ից ներբեռնված, կեղծ օգտատերերի կողմից տարածվող տեսանյութեր: Դրանցում քաղաքապետի թեկնածու, Իջևանը 1999-2011թթ. ղեկավարած, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը ներկայացվում էր շատ վատ ձևով:

Այդ տեսանյութերից 1-2-ում վիրավորանք կար նաև Վ. Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող «Իջևան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի հասցեին:

Ներկայումս այդ տեսանյութերը Yutube-ում ջնջվել են: Սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախօրյակին Վ. Ներսիսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե իրեն վարկաբեկող  տեսանյութերի հեղինակներին բացահայտելու նպատակով ինքը դեռ օրեր առաջ բանավոր դիմել է ոստիկանություն, իսկ առաջիկայում նաև գրավոր է դիմելու:

Երեկ «Ժողովուրդը» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ վերը նշված տեսանյութերի կապակցությամբ ո՛չ Վ. Ներսիսյանը, ո՛չ էլ Ն. Խաչիկյանը գրավոր չեն դիմել ոստիկանություն: Փոխարենը ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Իջևանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը, ով հայտնել է, որ այս տարվա ապրիլին «Իջևան ստուդիա» հեռուստաընկերության պատրաստած մի տեսանյութում անհայտ անձանց կողմից իր խոսքը խեղաթյուրվել է, և այդ չարամիտ մոնտաժը Իջևանի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղադրվել է համացանցում: Ոստիկանության Իջևանի բաժինը Գ. Գուլակյանի դիմումի կապակցությամբ  ստուգումներ է կատարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս