Իրինա Բեզրուկովան որդու մահից ու Սերգեյ Բեզրուկովից ամուսնալուծվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել
Այս տարին Իրինա Բեզրուկովայի համար ծանր տարի էր: Այս տարվա մարտին մահացավ աստղի 25-ամյա որդին՝ Անդրեյ Լիվանովը, իսկ մայիսին հայտնի դարձավ, որ 50-ամյա Իրինան ու ամուսինը՝ հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը, ամուսնալուծվել են 15 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է woman.ru-ն:
Սակայն կինը ձեռքերը ծալած չնստեց ու կարճատև դադարից հետո վերադարձավ իր աշխատանքին: Թե ինչպես է կարողացել դիմանալ այդ փորձություններին, Իրինան պատմել է Hello! Ամսագրին տված հարցազրույցում:
Վերջերս նա մերձմոսկովյան «360» ալիքով գործարկել է իր հեղինակային «Զրույց բեմի վրա» ծրագիրը: Նրա առաջին հյուրը դարձել է արդեն նախկին ամուսինը՝ Սերգեյ Բեզրուկովը: Նախկին սիրահարները անկեղծ զրուցել են՝ ապացուցելով մարդկանց, որ բաժանվել են առանց սկանդալների:
«Որպես ամուսիններ մենք բաժանվել ենք, սակայն շարունակում ենք միասին աշխատել: Համատեղ կյանքի 15 տարում մենք իսկապես մտերիմ մարդիկ ենք դարձել ու համախոհներ, մեր ամուսնալուծությունը դա չի կարող վերացնել»,- հայտարարել է Իրինան՝ խնդրելով ԶԼՄ-ներին այլևս իրեն չհոգնեցնել անձնական կյանքին վերաբերող հարցերով:
«Ամուսնության մեջ կինը միշտ կես քայլ հետ է տղամարդուց: Եթե կինը առաջ է ընկնում, տղամարդու մոտ ներքին ագրեսիա է առաջանում», – ասել է նա:
Դերասանուհին խոստովանում է, որ մինչ օրս չի կարողանում հաշտվել որդու կորստի հետ: «Անդրեյը պարզապես որդի չէր, այլ ինձ հոգեպես հարազատ մարդ էր»,- պատմել է Բեզրուկովան: