«Հայկական ֆոլք երաժշտությունը, մատուցման ձևի տեսակետից, հենց հայերի ձեռքով խիստ սահմանափակվել է». Վիգեն Հովսեփյան

Բարսելոնայում բնակվող մեր հայրենակից, երաժիշտ Վիգեն Հովսեփյանն արդեն մի քանի ամիս  Երևանում է: Այստեղ Վիգենը   ներկայանում է ակումբային համերգներով, նվագում իսպանական և հայկական երաժշտություն: Թեև Իսպանիայում   երաժիշտը հանդես է գալիս  տեղի՝ «Բարսելոնա էթնիկ  բենդ» երաժշտական խմբում, այնուամենայնիվ մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ խմբի կազմում ներկայացնելու  են   հայկական մի քանի  ստեղծագործություններ:

– Վիգեն,  դու բավական երիտասարդ ես, բայց արդեն հաջողացրել ես հանդես գալ իսպանական «Բարսելոնա էթնիկ  բենդ»  երաժշտական խմբում և այնպիսի բարձրակարգ երաժշտի հետ, ինչպիսին Հովարդ Էնստադն է:  Ի դեպ,  դուք միասին նաև  գեղեցիկ  դուետով եք ներկայանում, նկատի ունեմ  ձեր հայկական ժողովրդական կատարումները…  

– Ուրախ եմ,  որ այդպես ես  մտածում,  իսկ ես կարծում էի,  թե իմ ժամանակն արդեն անցնում է, ու ես հետ եմ մնացել զարգացումներից: Միգուցե, որովհետև նպատակներս ու ցանկություններս շատ են,  իսկ ժամանակն այնքան արագ է անցնում…

– Իսկ դու ակնկալում էիր, թե հաջողություններն այդքան հեշտությա՞մբ են տրվում:

Կարդացեք նաև

– Չէ, բոլորովին: Ավելին ասեմ, այդ առումով ակնկալիքներ ընդհանրապես չեմ ունեցել, պարզապես աշխատել եմ:

Vigen Hovsepyan (5)

– Դու դեռ երիտասարդական մաքսիմալիզմի ազդեցությա՞մբ ես ստեղծագործում:

– Դեռ այո, և, ինչ-որ իմաստով,  Աստված չանի՝ այդ շրջանն ինձ մոտ  ավարտվի:

– Ինչպե՞ս  հասար Բարսելոնա:

– Բախտի բերումով, ինչպես Հայաստանից շատերը՝ պարզապես ընտանիքով  արտագաղթեցինք, իսկ ավելի մեղմ ասած՝ տեղափոխվեցինք այնտեղ:  Ես  դեռ 14 տարեկան էի:

– Բարսելոնան  քեզ բարյացակա՞մ ընդունեց  իր ներքին կյանք:

– Չէ, իհարկե շատ դժվար էր,  որովհետև կոնտրաստն էր շատ մեծ՝ Հայաստանից՝   Բարսելոնա: Սովորույթներ, մարդկանց ու կենցաղի տարբերություններ, եվրոպական ու հայկական բարքերի բախում, որին պետք էր հարմարվել:

– Երբ գնացիր, հայկական մտածելակերպո՞վ տղա էիր:

– Ես մինչև հիմա էլ այդպիսին եմ մնացել, չեմ փոխվել, ու դա լավ է:

– Բայց  մի՞թե  Եվրոպան քեզ բացառություն արեց՝ մնալ այնպիսին, ինչպիսին եղել ես: Չեմ հավատում, այլապես չէր «ընդունի»  քեզ:

– Ինձ համար արեց  այդ բացառությունը: Կարծում եմ, ավելի շուտ  դա մարդու տեսակով է պայմանավորված:  Հայաստանում շատ  մարդիկ կան, որ  Եվրոպայում երբևէ  չեղած՝ արդեն «եվրոպացի» են: Միգուցե կենցաղի, առօրյա շփման մակարդակում փոփոխությունների ենթարկվել եմ, դա  անխուսափելի էր: Հայկական բռիությունը որ դուրս է  գալիս եվրոպաներում ապրող  մարդու միջից, դա նորմալ է,  բայց,  որպես բուն  արժեքային համակարգի կրող՝ ես մնացել եմ նույնը:

– Երաժշտական կրթությունդ Իսպանիայո՞ւմ ես ստացել:

– Ես երաժշտական կրթություն չեմ ստացել,  ցավոք: Իմ երաժշտական կարիերան սկսել եմ սեղանի վրա  դհոլ  նվագելուց: Ժամանակի ընթացքում  անցա ավելի լուրջ՝ հարվածային գործիքներին: Երբ հասկացա,  որ ուզում եմ պրոֆեսիոնալ երաժշտությամբ  զբաղվել,  ուղղակի հայտարարություն տվեցի թերթերից մեկում, որ տիրապետում եմ  հարվածային գործիքին և ցանկություն ունեմ միանալ  երաժշտական խմբերին:  Հայտարարությունից շատ ժամանակ չանցած ինձ զանգեցին   ու հրավիրեցին «Բարսելոնա էթնիկ բենդ» խումբ,  որտեղ, հետո պարզվեց՝ նվագում է տեղի ամենահայտնի թավջութակահարներից մեկը՝ Հովարդ Էնստադը:

Vigen Hovsepyan (6)

– Փաստորեն,  դու ինքնուս երաժիշտ ես:

– Այո, կարելի է ասել այդպես: Իհարկե,  եղել են մարդիկ,  ովքեր ինձ սովորեցրել են կատարողական արվեստի որոշ հիմունքներ՝ կիթառի առաջին ակորդները, և այլն, բայց  հիմնական մասով,  այո, ես ինքնուս եմ: Հիմա իմ հիմնական գործիքը կիթառն է, որն, ի դեպ,  սկզբում տանել չէի կարողանում: Չգիտեմ՝ ինչո՞ւ,  այս գործիքն ինձ մոտ ասոցիացվում էր  միայն  ռուսական մոտիվներով՝ շանսոն, խմած վիճակներ, թթու վարունգ և այլն: Մինչև Իսպանիա մեկնելս  կիթառի, այսպես ասած, մյուս կողմը չէի բացահայտել:

– Օրվա ընթացքում շա՞տ ժամանակ ես անցկացնում գործիքի հետ:

– Կարելի է  ասել՝  ես չեմ պարապում, այդ բառի ուղիղ իմաստով,   պարզապես ամեն օր նվագում եմ, ու դա անում եմ  մեծ սիրով: Ընդհանրապես, երաժշտի համար շատ կարևոր է՝ ամեն օր, ստաբիլ  օգտագործել  գործիքը,  մինիմում գոնե օրական 10  րոպե:  Դա լավ երաժշտի  պարտադիր պայմանն է:

Vigen Hovsepyan (4)

– Իսպանիայում ինչպե՞ս ես  ռեալիզացնում ստեղծագործական պոտենցիալդ, միայն խմբի կազմո՞ւմ:

– Ոչ միայն, նվագում եմ տեղի ակումբներում, տարբեր փառատոների  եմ մասնակցում: Բարսելոնյան իմ առաջին լուրջ համագործակցությունն, իհարկե, «Բարսելոնա էթնիկ  բենդ»  խմբի կազմում ներգրավվելը եղավ, որտեղ նվագում ենք  տարբեր մշակույթների,  հատկապես՝ ֆոլք երաժշտություն, այդ թվում՝ հայկական ֆոլք:

– Ենթադրում եմ, որ  «Բարսելոնա էթնիկ  բենդի»  երգացանկում հայկական մշակույթի ներմուծողը դու ես եղել:

– Այո, այդպես է…(Ժպտում է.- Ն.Մ.):

– Ասացիր, որ  այնտեղ նաև տեղի  ակումբներում ես նվագում: Կարծեմ՝ այստեղ նույնպես շատ հաճախ ես ակումբային համերգներ ունենում: Ի՞նչ  տարբերություններ կամ նմանություններ ես տեսնում հայկական ու իսպանական ակումբների մեջ:

Vigen Hovsepyan (7)

– Ես ավելի շատ տարբերություններ եմ տեսնում, ընդ որում, երաժշտության տեսակետից՝ որակական տարբերություններ: Այնտեղ՝ Բարսելոնայում, ակումբային կյանքը՝  կենդանի երաժշտության տեսակետից,  նկատելի  տխուր է, որովհետև զբոսաշրջիկներն այնքան շատ են, որ կենդանի  երաժշտություն լինի թե չլինի, միևնույն է, ակումբն աշխատելու է: Հայաստանում այս տեսակետից բոլորովին հակառակ պատկերն է, կենդանի երաժշտությունն այստեղ  բրենդի պես մի բան է, ու շատ տեղերում դա նույնիսկ որակական  անհրաժեշտություն է:

– Երևանում խմբո՞վ ես նվագում:

– Այո, երևանյան ընկերներիս հետ,  ովքեր,  ի դեպ,  շատ տաղանդավոր են: Հասցրել ենք արդեն շատ տեղերում  նվագել: Կարծես թե  լավ ընդունելության եմ  արժանացել այստեղ,  ու դա ինձ համար շատ կարևոր է:  Հիանում եմ ընկերներիս տաղանդով՝ օրինակ,  բաս կիթառահար Դավիթ Պողոսյանի մասին կուզեի ասել՝ նա մեկն է, ով դիմանում է իմ «սխալներին» (Ժպտում է.- Ն.Մ.):

Vigen Hovsepyan (3)

– Ի՞նչ սխալներ:

– Օրինակ, պատահում է,  փորձի ժամանակ մի բան  ենք նվագում, համերգին բեմ բարձրանալով  ու հասկանալով, որ մասսան բոլորովին այլ տեմպոռիթմիկա է պահանջում, ամեն ինչ տեղում փոխվում է: Հատկապես իսպանական երաժշտությունն այս տեսակետից շատ ճկուն է,  հեշտությամբ է  իմպրովիզների ենթարկվում: Դավիթը  հիանալիորեն կարողանում է  ինձ հավասար պահել ռիթմը: Իսպանիայում երաժիշտներ կան, որոնց հետ,  եթե հանկարծ  փորձից դուրս որևէ իմպրովիզի գնաս, մեկ էլ կարող ես  հայտնաբերել, որ ինքն այլևս «տեղում» չէ՝ պետք է  ջուր լցնես  վրան, որ ուշքի գա:

– Ինչո՞ւ,   իրենք սովոր չե՞ն  իմպրովիզների:

– Շատ դժվար հաղթահարելի պրոցես է դա  իրենց համար: Համենայնդեպս,  հայերի մեջ երաժշտությունն ավելի շատ է, քան նրանց  մոտ:  Կան, իհարկե, հզորները, բայց սովորաբար  շատ ստատիկ մտածողություն ունեն:

– Որքանով տեղյակ եմ ՝ ձայնասկավառակ դեռ չունես, չէ՞:

– Դեռ չէ, բայց պատրաստվում եմ առաջին CD-ի  ձայնագրման աշխատանքներին: Կարծում եմ՝ հաջորդ տարի պատրաստ կլինի: Նախատեսել եմ միայն հայկական տրադիցիոն  ֆոլք երաժշտություն՝  թավջութակահար Հովարդ Էնստադի  մասնակցությամբ, իհարկե: Կլինեն ժողովրդական երգեր՝ «մաքուր» ձևի մեջ,  նաև մեկական ստեղծագործություն՝ Կոմիտասից ու Սայաթ-Նովայից:

Vigen Hovsepyan (2)

– Ինքդ ստեղծագործո՞ւմ ես, գրո՞ւմ ես երգեր:

– Ստեղծագործում  եմ, թեև դրանք  դեռ  ոչ ոք չի լսել, որովհետև, իմ կարծիքով,  դեռ ժամանակը չի եկել: Հետագայում անպայման իմ հեղինակային երգերը կներկայացնեմ,  գուցե դա կլինի այն ժամանակ, երբ ես ավելի հայտնի կլինեմ:

– Իսկ դու հատուկ աշխատո՞ւմ ես այդ ուղղությամբ՝ լինել  ավելի հայտնի:

– Չեմ մտածում հատկապես հայտնի դառնալու ուղղությամբ, կարծում եմ՝ միայն  որակյալ աշխատանքն է  մարդուն  հայտնի դարձնում, ես այդ պրոցեսին հասնելու   բնական ճանապարհի մասին եմ խոսում, հետևաբար՝ իմ նպատակն ավելի շուտ լավ, որակյալ  աշխատանքն է:

– Վիգեն, Երևանը քեզ դո՞ւր է գալիս, հաճույքո՞վ ես վերադառնում  Հայաստան:

– Ինչ վերաբերում է՝  Հայրենիք վերադառնալու գաղափարին, ապա այո, հաճույքով եմ գալիս, բայց մենք բոլորս էլ  լավ գիտենք, որ այստեղ ամեն ինչ չէ,  որ ճիշտ ուղով է զարգանում՝ երաժշտական աշխարհում նույնպես: Ես սա ասում եմ, որովհետև ինքս երաժիշտ եմ ու այստեղ եղած ժամանակ անմիջականորեն մասնակից  եմ դառնում այդ բնագավառի  զարգացումներին: Խոսքս  հատկապես վերաբերում է արվեստում արժեքային համակարգին ու դրա դեգրադացիաներին: Ես շատ լավ հասկանում եմ նաև, որ քննադատելը շատ հեշտ է,  ու,  ոնց տեսնում եմ,  այստեղ գրեթե բոլորն իրենց տեղից զբաղվում են ակտիվ  քննադատությամբ: Եթե ամեն մարդ իր տեղում իր գործը լավ անի, ապա քննադատության թեմաներն էլ, ըստ էության, կպակասեն, կարծում եմ: Միայն մի բան կասեմ՝ տեղական խնդիրների մեծ մասը սովետական  շրջանից փոխանցված մտածողության հետևանքներ են, որոնցից մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Պարզապես մարդիկ ազատ չեն, ու խոսքս այս պահին մտքի ազատության մասին է:  Ազատությունը լավ բան է,  եթե կարողանում ես հասնել իսկական ազատության:

– Հե՞շտ է հասնել նրան, որ ինքդ քեզ  թույլ տաս՝  լինել ազատ:

– Ոչ, իհարկե, դրան հասնելու համար երկար ժամանակ կպահանջվի, հատկապես մարդկանց մտքերը մաքրելու համար: Մի երկու սերունդ անց գուցե ճիշտ կլինի ազատության մասին խոսենք:

– Քո երգացանկում հայկական երգերը քիչ են, կարելի է ասել՝ մատների վրա հաշված: Ո՞նց ես ընտրել դրանք, ի՞նչ սկզբունքով:

– Որ ասեմ՝ հատուկ ընտրություն եմ արել, ոչ: Պարզապես,  երբ  փնտրում եմ հայկական այս կամ այն երգն ու ոչ մի կերպ իմ ուզած որակով չեմ գտնում, փորձում եմ ինքս ինչ-որ բան փոխել: Օրինակ,  «Լուսնյակ գիշեր» ու «Սարերի հովին մեռնեմ» երգերի ընտրությունը հենց այդպես եղավ:  Առհասարակ հայկական ֆոլք երաժշտությունը մատուցման ձևի  տեսակետից  հենց հայերի ձեռքով խիստ սահմանափակվել է, մի տեսակ շատ չոր է, այսպես ասած՝ «հյութ»  չկա: Ի վերջո,  մենք հասել ենք մի դարաշրջանի,  որ այդ ամենը կարելի է այլ կերպ մատուցել: Ժողովրդական երգը  պետք է երգել ժողովրդի սրտից,  այլ ոչ պարզապես՝ նոտաներով, ու համարել, որ ազգանվեր գործ ես կատարել:

Vigen Hovsepyan (1)

– Բայց դրա համար պետք է կարողանալ մտնել  ժողովրդի սրտի մեջ, ու դա,  կարծեմ,  այնքան էլ հեշտ բան չէ, այնքան դժվար, որ դա հաջողվեց, իմ կարծիքով,  թերևս, միայն Կոմիտասին:

– Ու հենց դրա համար էլ Կոմիտասը մինչև այսօր  մնաց անգերազանցելի:

Տեսանյութեր

Լրահոս