Գյուղատնտեսությունը «կատաղել է»
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 328.4 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, դա 14.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Սա նշանակում է, որ այս տարվա ընթացքում արձանագրված 4.2% տնտեսական ակտիվության ցուցանիշը ապահովվել է հիմնականում գյուղոլորտի երկնիշ աճի շնորհիվ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով և կազմել 722.4 մլրդ դրամ։ Ծառայությունների ոլորտը հաշվետու ժամանակահատվածում տվել է 641.8 մլրդ դրամի արտադրանք (աճը՝ 2.4%)։
Շինարարության ոլորտը զրոյականին մոտ՝ 0.4% աճ է գրանցել։ Հունվար-հուլիսին իրականացված շինարարության ծավալը 170.8 մլրդ դրամ է։
Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներն աճել են։
Ընդհանուր պատկերը շարունակում է փչացնել միայն ներքին առևտրաշրջանառությունը, որի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.7%-ով և կազմել 1 տրլն 211.3 մլրդ դրամ։