Բաժիններ՝

Եվրոպական ներդրումային բանկը TAP-ի շինարարության համար կարող է 2 մլրդ եվրո հատկացնել

Եվրոպական ներդրումային բանկը հայտարարել է, որ դիտարկում է Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) նախագծի համար 2 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը, որը ենթադրում է Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրից ԵՄ երկրներ գազի տեղափոխություն:

Նշվում է, որ TAP-ը ներառված է Եվրոպական հանձնաժողովի առաջնայնություն ունեցող 33 էներգետիկ նախագծերի ցանկում, հայտնում է Trend-ը:

Բանկը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովն ընդգծում է գազատարի շինարարության՝ ԵՄ-ի վրա ընդհանուր դրական ազդեցությունը, քանի որ դա համապատասխանում է գազային աղբյուրների, երթուղիների դիվերսիֆիկացիայի եվրոպական քաղաքականությանը:
Ներկայում բանկը դիտարկում է վարկի հատկացման հնարավորությունը, որը դեռ չի հաստատվել տնօրենների խորհրդի կողմից:

Ընդ որում՝ Թուրքիան չի թաքցնում տվյալ նախագծում մասնաբաժին ձեռք բերելու իր մտադրությունը:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունում Trend-ի աղբյուրը հայտնել է, որ Անկարան մտադիր է ձեռք բերել մասնաբաժին TAP-ում:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ TAP-ում մասնաբաժին ձեռք բերելը Թուրքիայի համար պատմական հնարավորություն է, որը Անկարան մտադիր չէ բաց թողնել իր ձեռքից:
Աղբյուրը նաև հայտնել է, որ ներկայում Անկարան դիտարկում է Statoil-ի 20 տոկոսանոց մասնաբաժինը գնելու ցանկության մասին, քանի որ այդ ընկերությունը արդեն հայտարարել է նախագծում իր մասնաբաժինը վաճառելու մասին:

Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով հասցվելու է Թուրքիա, որտեղից այն «Անդրանատոլիական» գազատարով պետք է հասցվի Հունաստանի սահման, որտեղից էլ մեկնարկում է TAP-ը:

TAP-ի բաժնետերերն են բրիտանական BP-ը (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), Statoil-ը (20%), Fluxys-ը (19%), Enagás-ը (16%) և Axpo-ն (5%):
Սկզբնապես, TAP-ի հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խմ՝ մինչև 20 մլրդ խմ ծավալի ընդլայնման հնարավորությամբ:

Գազատարի կառուցումը նախատեսվում է սկսել 2016 թվականի մայիսի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս