Հայկ Կյուրեղյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը:
Նախատեսված էր, որ ճառով հանդես կգար գործով մեղադրողը, սակայն դատական նիստը հետաձգվեց՝ գործով տուժողներից մի քանիսի ներկայությունն ապահովվելու համար:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով՝ բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի տանիքին:
Ապա, անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ Ք. Սարդարյանին պատճառելով 284.000 դրամի գույքային վնաս:
Աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանր պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Այնուհետև, տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին՝ սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասսե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանած ավտոմեքենան:
Ապա, շարունակելով անհնազանդ վարքագիծը և չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին դասակի 2-րդ վաշտի հրամանատար Արայիկ Վիկտորի Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, և տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի աջ կեսի սալջարդ վերքի ձևով, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե տևողությամբ անհարմարություն պատճառելով տարածքում գտնվող հասարակության անդամներին։