Բաժիններ՝

Խնդրում ենք վերացնել քաղաքապետարանի անգործությունը

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Նախագահ
Արդեն 3.5 տարի մեր ընտանիքը ստիպված է իր սեփականությունը պաշտպանելու համար մեծ ջանքեր գործադրել, նույնիսկ դիմագրավել անօրեն զավթիչի բազմաթիվ հանցագործություններին, որոնք ՀՀ իրավապահ մարմինների հանդուրժողականության և հովանավորչության շնորհիվ մնացել են անպատիժ:

Սեփականության իրավունքով ինձ է պատկանում Աղբյուր Սերոբի 52/1 տունը` կից 25 քմ հողատարածքով: Այն եղել է ինքնակամ կառույց, որին տիրապետել ենք 1951 թվից, ապա քաղաքապետի` 10.09.2004թ. թիվ 1730-Ա որոշման հիման վրա ստացել ենք Գլխավոր հատակագիծ և պետական գրանցում և մինչև 2012թ. անարգել տիրապետել մեր սեփական գույքին: Սակայն 2012թ.-ին, երբ հարևան 52/3 տան սեփականատեր Վարդան Հովնիկյանը հանեց մեր հողամասի սահմանազատող-բաժանարար ցանկապատը, ապօրինի ծառահատման ենթարկեց մեր սեփական հողատարածքում գտնվող, մեր ընտանիքի ջանքերով և միջոցներով ստեղծված հաստաբուն կենսունակ թթենին, տեղեկացանք, որ Հովնիկյանը 2005-ին ստացել է սեփականության վկայական, որի մեջ ներառված է մեր հողի 12 քմ հատվածը:

Ոստիկանության Արաբկիրի բաժինը կոծկեց Հովնիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 290 հոդվածով նախատեսված արարքը (ապօրինի ծառահատում) և նրան պատասխանատվության չենթարկեց:

Անժխտելի է, որ չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն: Եվ ահա, 2012թ. հուլիսին Հովնիկյանը խուլիգանական հարձակում է կատարում մեր տան վրա, հանում է մուտքի դուռը, շպրտում փողոց, կոտրում պատուհանների ապակիները, պահարանները, տան մեջ շաղ տալիս իր ծախու ավազը, և այլն, և այլն: Կրկին ոստիկանության Արաբկիրի բաժինը, Դատախազությունը և դատարանները պարտակում են կատարված հանցագործությունը, քրգործը կարճվում է, և նորից Վարդանը մնում է անպատիժ:

31.07.2012թ. դիմեցինք ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Հովնիկյանին տրված՝ Երևանի քաղաքապետի` 20.04.2005թ. թիվ 834 որոշումը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը մեր հողատարածքի մասով: 11.06.2013թ. ՎԴ/4518/05/12 վարչական գործի վարույթը կասեցվեց և նշանակվեց փորձաքննություն: 1 տարի 7 ամիս հետո գործի վարույթը վերսկսվեց, բայց քանի որ փորձաքննության եզրակացությունը օբյեկտիվ է և մեր օգտին է, Հովնիկյանի փաստաբան Արմեն Օհանյանը համառորեն պահանջեց նոր փորձաքննություն:

Դատավոր Արծրուն Միրզոյանը զիջեց փաստաբանի պնդումներին և նշանակեց կրկնակի փորձաքննություն: Սա նշանակում է, որ մեր իրավունքների վերականգնումը կձգձգվի ևս մի քանի տարի: Այս ժամանակահատվածում անպատժելի Վարդան Հովնիկյանը հասցրել է կատարել ևս մի քանի հանցագործություններ:

Թեև վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը մեր բողոքից հետո անվավեր էր ճանաչել Վարդանին տրված և մեր իրավունքները կոպտորեն ոտնահարող 25.01.2012թ. N 02 շինթույլտվությունը, Հովնիկյանը շարունակել է 2012-2014թթ. ընթացքում անարգել իրականացնել ապօրինի հողափորման-հողահանման աշխատանքներ 2 տների միջանկյալ տարածքում, որի ժամանակ վնասել է մեր տան հիմքը, առաջացրել մեր հողի 2 հատվածների մակերեսների 1.5 մ տարբերություն, ինչը խախտում է մեր գույքից անարգել օգտվելու մեր իրավունքը: Այս փաստն ապացուցվում է լուսանկարներով և փորձաքննության եզրակացությամբ:

Չնայած դրան`պատկան մարմիններին ուղղված մեր բազմաթիվ բողոքները մնացել են անարդյունք: Քաղաքապետարանի հողի և անշարժ գույքի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն իր տված պատասխաններում մշտապես նշում է` «Ներկայումս շինարարական աշխատանքներ չեն կատարվում»:

Իրավապահ մարմինները նույնպես քողարկեցին Հովնիկյանի կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի հատկանիշներ պարունակող արարքը: Հովնիկյանը չպատժվեց, տարածքը չբերեց իր նախկին տեսքին և չփոխհատուցեց մեզ պատճառված նյութական և բարոյական վնասի համար: Ավելին՝ նա վերացրել է հատակագծում առկա իր ելքի աստիճանները, իր համար անցուղի է դարձրել մեր տան շեմքը և խոչընդոտում է մեր մուտքի դուռը բացելուն: Այս իրավիճակը սպառնալիք է իմ հարազատների առողջության և կյանքի համար: Վերջին 1 տարվա ընթացքում Վարդանը 3 անգամ հարձակվել է աղջկաս վրա, նրան պատճառել մարմնական վնասվածքներ` արգելելով մեր մուտքի դուռը բացելուն: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերում՝ ի պատասխան Հովնիկյանի հատակագծում առկա օրինական ճանապարհը վերականգնելու վերաբերյալ մեր դիմումներին: Հայկ Ասատրյանը կրկին ոչ իրավաչափ և ճշմարտությանը հակասող պատասխան է տվել.

« …հիշյալ հասցեում առկա աստիճանավանդակը ներառված է սեփականության իրավունքով քաղաքացի Վ. Հովնիկյանին պատկանող հողամասի հ. 13747-2005 գլխավոր հատակագծում….»:

Կարծում եմ, որ այս պատասխանը ստվերում է Երևանի քաղաքապետարանի հեղինակությունը և բարի անունը:

11745363_10204993847470107_2668715413422991369_n

Պետք է հայտնեմ Ձեզ, որ այս ամբողջ խառնաշփոթն առաջացել է ՀՀ ԿԱ ԿՊԿ «Երևան» մասնաճյուղի առաջատար մասնագետ Վարազդատ Փիրումյանի մեղքով, որը, չարաշահելով իր լիազորությունները, Հովնիկյանին տվել է իրականությանը չհամապատասխանող կեղծ հատակագիծ, ինչի միջոցով վերջինս իրավունք է ձեռք բերել մեր գույքի նկատմամբ:

Սա ապացուցող փաստաթղթեր կան Հովնիկյանի կադաստրային գործում: Չնայած դրան` քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը հանցակազմ չտեսավ Հովնիկյանի և Փիրումյանի արարքներում և գործը կոծկեց: Ահա սա է մեր իրավապահ համակարգի իրական դեմքը:

Խնդրում եմ Ձեզ վերացնել քաղաքապետարանի անգործությունը, ապահովել, որպեսզի Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվի գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, և հանցագործ Վարդան Հովնիկյանը ստանա օրենքով նախատեսված իր արժանի պատիժը:

Հարգանքով` Արշալույս Խաչատրյան
հեռ. 093 575 596

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս