Բաժիններ՝

Նոր ծննդաբերած կնոջը սպանության փորձ արած ամուսինը հոգեմետ դեղեր էր ընդունում. aravot.am

Ամուսնու կողմից հրազենային ծանր վնասվածք ստացած 27-ամյա Միլենայի առողջական վիճակը շարունակվում է կայուն ծանր մնալ: Վիրահատությունը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասել է  Միլենային վիրահատող նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը, հաջող է անցել, նրա վիճակը դեռեւս գնահատվում է ծանր, եւ հնարավոր է՝ կարիք լինի մեկ անգամ եւս վիրահատել:

Բժշկի փոխանցմամբ՝ ամեն ինչ պարզ կլինի առաջիկա ժամերին կամ վաղն առավոտյան: Երեկ առավոտյան Միլենայի ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, այցելել է նրան՝ Հանրապետական ծննդատուն. Միլենան օրերս է արու զավակ ունեցել:

Կայքի  հետ զրույցում Միլենայի մայրը պատմել է, որ Հայկն ու իր դուստրը որոշ ժամանակ շատ ջերմ զրուցել են, հետո փեսան հարցրել է՝ Միլենա, բուլկի կուտես, նա էլ դրական պատասխան է տվել:

Երբ աղջկա մայրը գնացել է բուլկի գնելու, Հայկն այդ ընթացքում կրակել է կնոջ վրա՝ գնդակներից մեկը դիպչել է սրտին, 2-ը՝ ուսին, հետո Հայկն է ինքնասպան եղել: Միլենայի երեխան վաղահաս է, նա ծնվել է 35 շաբաթականում ու ծնված օրվանից գտնվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Մինչ փոքրիկն այս բաժանմունքում մեծանում է, որպեսզի հասնի հիվանդանոցից դուրս գրման տարիքին, նրա ծնողների հետ տեղի ունեցած դեպքի մասին ինչ վարկած ասես, որ չհորինվեցին. մայրը դեռ վիրահատական սեղանին՝ նրան արդեն թաղեցին, մինչդեռ Միլենայի վիրահատությունը նոր-նոր էր ավարտվել, ու անգամ ծնողները լուր չունեին:

Մեկ այլ վարկած էլ էին տարածել, իբր թե Հայկը կասկածել է, որ երեխան իրենը չէ, մեկ էլ լուրեր էին շրջանառել, որ փոքրիկը դեպքի պահին եղել է հիվանդասենյակում, մոր կողքին: Այս ամենը վրդովեցրել էր Միլենայի հարազատներին, որոնք «Առավոտի» հետ զրույցում հերքել են  այդ վարկածները:

Միլենայի մայրը՝ տիկին Անահիտը, կայքի  հետ զրույցում ասել է, որ նախ՝ փոքրիկը հիվանդասենյակում չի եղել, առավոտյան, երբ Հայկն այցելել է դստերը, ինքը դստեր մոտ է եղել, ու ամեն ինչ նորմալ էր: Տիկին Անահիտն ասել է  նաեւ, որ 3 տարվա ամուսիններ էին, եւ չի հիշում մի օր, որ փեսան կոպիտ վարվի աղջկա հետ.

«Հակառակը՝ շատ ջերմ, սիրով ամուսիններ են եղել: Գիշերն էլ, որ եկել էր, էլի շատ ջերմ էին խոսում, գնալուց առաջ համբուրեց Միլենային, ասաց՝ կարող ա չգամ»:

Միլենայի հայրն էլ կայքի հետ զրույցում ասել է , որ փեսան իր դստերը թագուհու պես էր պահում, երբեք խնդիրներ չեն եղել.

«Աղջկաս շուտ-շուտ արտասահման էր տանում, միշտ համ իրենք են լավ հարաբերություններ ունեցել, համ էլ մենք՝ Հայկի հետ»:

Ինչ վերաբերում է այն վարկածին, թե իբր Հայկը կասկածել է, որ երեխան իրենը չէ, հարազատներից մեկն այսպես արձագանքել է՝

«Սուտ բաներ են խոսում, նա այնպիսի տղա էր, որ դավաճանության մասին խոսք չի կարող լինել: Այդ լուրեր տարածողները թող գնան հարեւանների հետ զրուցեն ու կպարզեն, թե ինչքան սիրով են եղել»:

Ի՞նչը կարող էր այս դեպքի պատճառը լինել՝  կայքի այս հարցին տիկին Անահիտն ասել է  հավանաբար, Հայկի՝ երբեմն անհավասարակշիռ վիճակը.

«Հայկը վերջերս շատ մոտ ընկերներ է կորցրել, երեւի էդ հողի վրա մի քիչ խանգարվել էր: Ասում էր՝ աչքիս մարդիկ են երեւում, տարօրինակ բաներ են երեւում, ոնց որ հետեւիցս մարդիկ են գալիս: Գիտեմ, որ Հայկի մայրը հոգեմետ դեղեր էր տալիս նրան, բժիշկն էր նշանակել: Ես մտածում եմ՝ տեսնես էդ պահին հասկանո՞ւմ էր, թե ինչ էր անում: Ոչ մեկիս մտքով չէր անցնի, ոնց կարող էր սենց բան լինել, որ իմանայինք, մենակ չէինք թողնի սենյակում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս