«Ինձ համար մեկ է՝ փող տվողը կլինի անգլիացի Ջոնը, թե կովթանեցի Թոմը»
«Ես այն տպավորությունը ստացա, որ ներդրողները կանգնած են ՀՀ սահմանի մոտ և մենք մտածում ենք՝ ում ներս թողենք, ում չթողնենք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հանքավայրերի պոչամբարների վերամշակման օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ որոշ պատգամավորներ ոչ թե չեն հասկանում, այլ չեն ուզում որոշ օրենքների բովանդակությունը հասկանալ, որովհետև եթե հասկանան, կարող է ասեն՝ լավ է, էլ ոնց դժգոհեն: Սական, ըստ նրա, ներդրող է գալիս ՀՀ ու այստեղ համեմատություններն ավելորդ են: Բաղդասարյանի խոսքով՝ կա ներդրող և կա այստեղ ընկերություն, որը 5 տարի շարունակ 1.5-2 մլն դոլար ներդրումներ է արել գիտական հետազոտությունների համար: Նա նշեց, որ առաջին փուլում 237 մլն դոլարի ներդրում են անում՝ երկրի էկոլոգիական չարիք աղբը վերամշակելու համար, և շատ օգտակար արտադրանք են արտադրելու: Նա նկատեց, թե ոչ ոք չի տուժելու, եթե ձախողվեն: Բաղդասարյանը հավաստեց, թե այդ մարդիկ կան ու պատրաստ են 15-20 րոպե անց լինել ԱԺ-ում:
«Ովքեր են ներդրողները, այդ փող տվողները՝ ինձ համար մեկ է, դա կլինի անգլիացի Ջոնը, թե կովթանեցի Թոմը, թե ով պետք է բերի փողը ներդնի»,- ասաց Բաղդասարյանն ու հավելեց, թե գիտական լուրջ խումբ է աշխատել, իսկ ֆինանսավոողները բավականին լավ գործունեություն են ծավալել միջազգային արենայում ու հայտարարեց, թե ներդրողները բացասական հայտարարություններից ետ չեն վանվի: