Բաժիններ՝

Ռուսական «Էրեբունի» ավիաբազայի հրամանատարը հիացած է հայ օդաչուների վարպետությամբ

Հայաստանում ՀՌՕ «Էրեբունի» ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը հիացած է հայ օդաչուների վարպետությամբ, որը նրանք ցուցադրեցին ավիաշոուի ժամանակ Ռուսաստանի օրվա նախաշեմին «Բաց դռների օրվա» շրջանակում։

 «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ՝ տոնական միջոցառումների ընթացքում ՀՌՕ ռուսական ավիաբազայի օդաչուները և Հայաստանի ՊՆ բանակային ավիացիայի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են ցուցադրական ավիաշոու` բարձրակարգ թռիչքային էլեմենտների կատարմամբ։

«Ռուս օդաչուները հիանալի թռիչք ցուցադրեցին, նաև ես հիացած եմ Մի-8 և Մի-24 ՀՀ ՊՆ օդաչուների վարպետությամբ, որոնք մեր աչքի առաջ «մարտի դաշտից» բարձրացրեցին վիրավորին և դուրս բերեցին նրան, կատարեցին մի շարք մարտական խնդիրներ, կարծում եմ` հիանալի ստացվեց», – ասել է Պետրովը։

Նրա խոսքերով` այսօր ցուցադրվեց հայկական և ռուսական զինվորականների համագործակցությունը ավիացիայի բնագավառում, ռուսական ինքնաթիռները և հայկական ուղղաթիռները միասին մասնակցեցին ավիաշոուին։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995թ.-ին։ 1998թ.-ի նոյեմբերին ավիախմբում ներառվել է 520-րդ ավիացիոն պարետությունը։ Միաժամանակ ՌԴ-ից բազա են տեղափոխվել ՄիԳ-29 տեսակի չորրորդ սերնդի բազմաթիրախային կործանիչները։ 2001թ.-ի հուլիսին «Էրեբունիում» տեղակայված զորամասերից ձևավորվել է 3624-րդ ավիաբազան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը։

«Էրեբունին» գտնվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 4-րդ օդային բանակի հրամանատարության օպերատիվ ենթակայության տակ։ Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս