Ովքեր են կալանավայրում տեսակցել Սուրիկ Խաչատրյանի որդուն. պարզաբանում են ՔԿ-ից

«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որդու անազատության մեջ գտնվելու ժամանակ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Տիգրանին. «Տեսակցություն հատկացվել է. որդին, մարզպետը ու էլի մարդիկ միմյանց հետ շփվել են տեսակցությունների սենյակում: Սակայն Սուրեն Խաչատրյանը սրանով չի բավարարվել: Նա ցանկություն է հայտնել տեսնելու, թե որտեղ է «ապրում» իր որդին: Նրան բացատրել են, որ քաղաքացիական անձը իրավունք չունի կալանավայր մտնելու, սակայն Խաչատրյանը համառել է: Մի խոսքով, նա բարձրացել է վերև, որդու խցում կերուխում է սկսվել»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելք է դրվել տեսակցությունների վրա և բացի փաստաբանից ու քննիչից նրան այլ մարդիկ չեն տեսակցել:

Տեսանյութեր

Լրահոս