Բաժիններ՝

Հայազգի Արտեմ Օգանովը՝ տեսական նյութագիտության հիմնադիր

Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ Արտեմ Օգանովը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհում ամենահայտնի տասը ռուսաստանցի գիտնականներից մեկը, որի անունն ամեն տարի շրջանառվում է հավանական նոբելյան մրցանակակիրների ցանկում: Արտյոմ Օգանովը ծագումով հայ տեսաբան-բյուրեղագետ է, քիմիկոս, ֆիզիկոս: Առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի ստեղծման ու բյուրեղային կառուցվածքների կանխագուշակման աշխատանքներով: Ծնվել է Մոսկվայում՝ հայ-հրեական ընտանիքում: Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով ու ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, որը 1997թ. ավարտել է գերազանցությամբ և «բյուրեղագիտություն ու բյուրեղաքիմիա» մասնագիտացմամբ:

Artyom_oganov

Արտեմը սկզբում ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, ապա՝ 2002թ. Լոնդոնի University College-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (PhD) բյուրեղագիտությունից: 2007թ. ստացել է գիտությունների դոկտորի աստիճան (Habilitation) Ցյուրիխի Պոլիտեխնիկական ինստիտուտում (ETH Zurich), որը 2014թ. հավասարեցվել է Ռուսաստանում տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանին:

2008 թվականից Նյու Յորք նահանգի համալսարանի (Stony Brook) պրոֆեսոր է ու նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի վարիչ:

Կարդացեք նաև

Oganov

Օգանովը ավելի քան 140 գիտական հոդվածների ու գրքերի գլուխների (շատերը լույս են տեսել Nature, Science ու այլ հեղինակավոր ամսագրերում) ու 2 պատենտների հեղինակ է:

Մի քանի հեղինակավոր գիտական մրցանակների դափնեկիր է: Արժանացել է Լացիսի մրցանակին, Եվրոպական նյութաբանության միության մեդալին, Elsevier հրատարակչության 3 մրցանակի, և այլն:

Աշխատելով Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի համալսարաններում՝ Արտեմ Օգանովը ստեղծել և այսօր ղեկավարում է միանգամից երեք լաբորատորիա Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում:

Oganov3

Արտեմ Օգանովի աշխատանքների մեծ մասը նվիրված է նոր նյութերի տեսական նախագծմանը, դրանց կառուցվածքի ու հատկանիշների ուսումնասիրմանն այնպիսի պայմաններում, ինչպես, օրինակ, բարձր ճնշման ժամանակ: Արտեմ Օգանովը ստեղծել է բյուրեղային կառուցվածքների կանխատեսման համակարգչային մեթոդ՝ USPEX (Universal Structure Predictor: Evolutionary Xrystallography), որը մեծ ճանաչում է ստացել մասնագետների կողմից և օգտագործվում է բազմաթիվ լաբորատորիաներում: Համակարգչային այս մեթոդի շնորհիվ Օգանովը բացահայտել է բորի գերպինդ կառուցվածքը, ածխածնի նոր ալոտրոպ, նատրիումի նոր կառուցվածքներ, ինչպես նաև դասական քիմիայի տեսանկյունից անհնար համարվող մի շարք քիմիական միացություններ:

oganov-2Դասական քիմիայից հայտնի է, որ քիմիական տարրերի միջև միացությունների առաջացումը հիմնականում կախված է այդ տարրերի լիցքերի հավասարակշռությունից: Օրինակ, Na տարրն ունի՝ +1 իսկ Cl-ը՝ -1 լիցք, հետևաբար՝ նրանց միջև կարող է առաջանալ միայն NaCl հայտնի միացությունը: Սակայն USPEX ծրագրով հնարավոր եղավ ցույց տալ, որ բարձր ճնշման տակ կարող են առաջանալ Na2Cl, Na3Cl, NaCl3 և Na3Cl2 միացությունները, որոնք չափազանց կայուն են` անկախ լիցքերի հավասարակշռության բացակայությունից: Փորձարարական հետազոտություններն ապացուցեցին Արտեմ Օգանովի տեսական հետազոտությունների իրավացիությունը:

tsvetk

Այսպիսով, Արտեմ Օգանովի շուրջ 100-ից ավելի գիտական տպագրությունները ցույց տվեցին, որ բարձր ճնշման տակ քիմիական միացությունները կարող են լրիվ այլ կառուցվածք, հատկանիշներ և գործառույթներ ունենալ՝ բացելով նոր հորիզոններ նյութագիտության ոլորտում: Նոր նյութերի բացահայտումը, որը դարեր շարունակ եղել էր պատահականության և երկարատև փորձերի հետևանք, USPEX ծրագրի միջոցով դառնում է արագ, ճշգրիտ և ոչ ծախսատար գործընթաց, իսկ Արտեմ Օգանովը՝ տեսական նյութագիտության հիմնադիրը:

oganov (1)Արտեմ Օգանովն ամուսնացած է, ունի 3 երեխա: Ապրում է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում: Խոսում է 5 լեզուներով՝ ռուսերեն,անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն: Մայրը՝ Գալինա Բիրչանսկայան, լրագրող է, հոգեբան, գրող:

2012թ. Արտեմ Օգանովի մասին ռեժիսոր Վլադիմիր Գերչիկովը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել՝ «Բյուրեղի գույնը»:

Տեղեկացնենք, որ այս տարվա նոյեմբերին նա Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հրավերով դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում:

Շարքը նախաձեռնել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս