Ուկրաինայի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Ռուսաստանի Գլխավոր շտաբի դեմ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է սկսել երկրի արևելքում ահաբեկչական գործունեությանը Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցության փաստով:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավորև դատախազության ներկայացուցիչ Յուրի Սևրուկը. «Քննչական գործողությունների անցկացման ժամանակ տվյալներ են ստացվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի ԳՀՎ-ի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական գործունեությանը հնարավոր մասնակցության մասին: Ներկայումս քրեական գործ է սկսվել տվյալ փաստով»:
Խոսքը գնում է մայիսի կեսին Լուգանսկի մարզում ձերբակալված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի ու Եվգենի Երոֆեևի մասին: Նրանց նկատմամբ քննությունը կարող է տևել 2-3 ամիս, ինչից հետո դատարանը կկայացնի իր վճիռը: Չի բացառվում, որ ռուսաստանցիների գործն ապագայում ուղարկվի միջազգային դատարանի դիտարկմանը: