«Թուրքական հոսք» և «Սիբիրի ուժը» գազատարներն ընդգրկվել են ՌԴ-ի խողովակաշարերի սխեմայում
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի կառավարությունը հաստատել է երկրի խողովակաշարային տրանսպորտի նոր, խմբագրված սխեման: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում:
Փաստաթղթում տեղ են գտել այն օբյեկտները, որոնց պետք է կառուցել, ինչպես նաև վերակառուցման ենթակա մոտ 2000 օբյկետներ: Սխեմայի մշակման ժամանակ հաշվի են առնվել մինչև 2020 թվականը նավթային ոլորտի և մինչև 2030 թվականը գազային ոլորտի զարգացումը:
Նոր սխեմայում ներառվել են «Թուրքական հոսք», «Սիբիրի ուժը», «Ալթայ» և Կրասնոդարի երկրամաս – Ղրիմ գազատարը: «Թուրքական հոսք» և «Սիբիրի ուժը» գազատարների կառուցումը հանդիսանում է ռուսական ածխաջրածինների մատակարարման շուկաների դիվերսիֆիկացման արդյունք:
Առաջին երթուղին նախատեսված է ռուսական գազը Թուրքիա և Հարավային Եվրոպա, իսկ երկրորդը` Չինաստան հասցնելու համար: «Գազպրոմը» խոստացել է, որ «Թուրքական հոսք» գազատարը շահագործման կհանձնվի 2016 թվականի դեկտեմբերին: