Բաժիններ՝

«Ես խնդրում եմ մեր պաշտոնյաներին թող հինգ րոպեով մեր տուն գան, մեր հացամանը բացեն». Մովսիսյաններ. ԳԱԼԱ

«Խնդրում եմ ինձ մի աշխատատեղ գտեք, ասեք՝ որտեղ պահանջ կա ավել անողի, լվացք անողի, գնամ անեմ, այլեւս այսպես հնարավոր չէ ապրել»: Այս խնդրանք-պահանջով օրերս ԳԱԼԱ հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ էր եկել Գյումրու բնակիչ Ալինա Մովսիսյանը:

Ալինան եկել էր դստեր հետ՝ 18-ամյա Լիանայի:

«Ես ուր գնում եմ, 30 տարեկան են պահանջում, երեխես 18 տարեկան է, թող գործ տան գոնե երեխուս, բայց չեն տալիս: Մենք ապրել չենք կարող»,- ասաց տիկին Ալինան:

Ամուսնուն կորցրել է տարիներ առաջ, ապրել միակ դստեր հետ: Երկու հոգանոց ընտանիքը գոյատեւել է ընտանիքին տրվող նպաստով, սակայն աղջկա 18 տարին լրանալուն պես նպաստը կտրել են, ու հիմա ընտանիքը գոյատեւել պարզապես չի կարող.

«Ես խնդրում եմ մեր պաշտոնյաներին, թող հինգ րոպեով մեր տուն գան, թող տեսնեն մենք այս դարում ինչ պայմաններում ենք ապրում ու գոյատեւում, թող գան իմ դարակները տեսնեն, մեր հացամանը բացեն, հենց այս պահին…

Մենք սոված ենք, հասկանում եք՝ սա ինչ ամոթ է, հասկանում եք՝ ես ինչ բարդույթ եմ հաղթահարել, կողքի եմ դրել ամեն ինչ՝ ամոթ, նամուս ու եկել հայտարարում եմ ձեզ…

Մենք ապրել ենք ուզում, աշխատատեղ ենք ուզում, ոտքով-ձեռքով մարդ ենք, ուր գնում ենք մերժում են, ի՞նչ անենք, ասե՛ք:

Օրերս հարեւաններիցս մեկը, մի հատ գազի զապրավկա կար, խոսել էր տիրոջ հետ, որ գնամ ընդեղ աշխատեմ, բայց դա էլ չեղավ, վերջին պահին ասացին՝ մարդ են վերցրել: Ամեն ինչ կանեմ, ամեն ինչի պատրաստ եմ, գործ տվող չկա, հավատացեք:

Նույնիսկ ես դրսերը որ մաքրում եմ, փողոց ավլողի աշխատանքը ծանոթով է, էն էլ թափով ծանոթ պտի ունենաս, իսկ մենք չունենք, նշանակում է՝ պտի մեռնենք, հա՞»:

Տիկին Ալինան ասաց, որ իր խնդրածը օգնություն չէ, փող չի ուզում, աշխատանք է պահանջում.

«Մենք աշխատանք ենք պահանջում, կամ էլ մեզ թող ուղարկեն այս երկրից ցանկացած տեղ, ցանկացած քրիստոնյա երկիր, կգնանք ու պատրաստ ենք, կապրենք, կաշխատենք, հայրենիք էլ փող կուղարկենք…»:

Մովսիսյաններին օգնել ցանկացողները կարող են հեռաձայնել 094 62 90 37 հեռախոսահամարով:

 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս