Փոստանջյանը հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե ինչպես էր հավաքել պատգամավորների քարտերը, որ չքվեարկեն հայ-ռուսական պայմանագրին: Ըստ նրա՝ պայմանագիրն օրենքով նախատեսված ընթացակարգով չի ընդունվել:

Զ. Փոստանջյանի կարծիքով՝ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների արդյունքում այս պայմանագիրը նշանակությունը կկորցնի, ՀՀ-ն կկարողանա այլընտրանքային գազ ներմուծել և ՀՀ-ն կունենա կառավարություն, որը չի չարաշահի քաղաքացիներին և մատչելի գներով գազ կհասցնի, ու պետությունը կշահի նաև տարանցիկ երկիր դառնալուց: Ըստ նրա՝ միայն այս պայմանագրի կնքման համար Սերժ Սարգսյանին և նրա կառավարությանը պետք է կանչել քրեական պատասխանատվության:

Զ. Փոստանջյանը նշեց, որ այս պահին Ս.Սարգսյանի հրամանով քրեական հետապնդման մեջ են գտնվում քաղաքական գործընկերներ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները, սակայն Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Պերմյակովին ՀՀ իրավապահները չձերբակալեցին:

«Այսօր ունենք Հայասանի Հանրապետություն, բայց չունենք ինստիտուտներ, որ հարգում են ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Նա հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ թույլ չեն տալու զբաղվել քաղաքականությամբ: Զ. Փոստանջյանը նշեց, որ երկիրը դատարկված ու վտանգավոր վիճակում է, կոչ արեց սթափվելու և հայտարարությամբ հանդես գալու՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Տեսանյութեր

Լրահոս