Կոտայքում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել

Կոտայքի մարզում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Ինչպես 168.am-ին տեղեկացրին քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 34-177 –րդ հոդված՝ գողության փորձ, ՔՕ 137-րդ հոդված՝ սպանության սպառնալիք, ՔՕ 235-րդ հոդված՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ այսօր՝ ժամը 10-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տանտիրուհին ներսից դուռը կողպելով՝ զանգահարել է ամուսնուն, որը շտապել է տուն և շենքի բակում հանդիպելով հիշյալ անձանց՝ պարզաբանում է պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, և եռյակից մեկը ատրճանակն ուղղել է տանտիրոջ վրա, ապա հիշյալ անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Բնակարանատերը անմիջապես օգնության է կանչել ընկերոջը, և նրանք իրենց մեքենայով սկսել են հետապնդել փախչողներին:
Աբովյան-Նորի Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին եռյակից նույն անձը իջել է մեքենայից, կրկին զենքը պահել հետապնդողների վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում նրան ու բնակարանատիրոջը պատճառվել են հրազենային վնասվածքներ:

Օպերատիվ խումբը հիշյալ վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտներով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս:

Տեսանյութեր

Լրահոս