ԻՊ-ն ամեն ամիս Իրաքում տասնյակ միլիոնավոր դոլարներ է վաստակում իրաքցի պաշտոնյաների աշխատավարձերը յուրացնելուց. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները յուրաքանչյուր ամիս օկուպացրած տարածքներում, այդ թվում նաև Մոսուլում իրաքցի պաշտոնյաների աշխատավարձերից յուրացնում են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ն ամեն տարի մի քանի հարյուր միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերում Իրաքին, և որ այդ միջոցների մի մասը նախատեսված է տեղական անվտանգության ուժերի ու հակաահաբեկչական գործողությունների համար:
ԱՄՆ-ի ու Իրաքի իշխանությունները համատեղ կամպանիա են իրականացնում, որի նպատակը ԻՊ-ի եկամտի աղբյուրները փակելն է: Արդյունքում, Վաշինգտոնը հայտնվել է բարդ երկընտրանքի առջև:
Եթե ԱՄՆ-ը փորձի Իրաքի կառավարությանը համոզել հրաժարվել մի շարք պաշտոնյաների աշխատավարձ վճարելուց և դրանով իսկ ԻՊ-ին խանգարել յուրացնելու միջոցների մի մասը, ապա դրանով իսկ հարյուր հազարավոր անմեղ իրաքցիներ Մոսուլում կմնան անփող, ինչ սպառնում է հումանիտար ճգնաժամով:
Սակայն եթե Վաշինգտոնը չմիջամտի, ապա ԻՊ-ը կարող է յուրացրած միջոցներն օգտագործել զենք գնելու և Մոսուլն ուժեղացնելու վրա՝ քաղաքի գարնանային պոտենցիալ պաշարումից առաջ: Նախորդ տարվա հունիսին ԻՊ-ի կողմից Մոսուլը գրավելուց առաջ քաղաքում ապրում էր մոտ 2 միլիոն մարդ:
Համարվում է, որ այնտեղ մնացել է քաղաքացիների կեսը: Մոսուլի բնակիչներից շատերն աշխատում են Իրաքի կառավարությունում, հիվանդանոցների, դպրոցների, պետբանկերի աշխատակիցներ են: Ներկա դությամբ ԱՄՆ-ը դեռ վերջնական որոշում չի ընդունել միջամտելու հարցում: