ՀՀ-ն իրականացրեց եվրապարտատոմսերով գործառնությունները
2015թ. մարտի 19-ին Հայաստանի Հանրապետությունը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):
«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես թողարկման Գլխավոր տեղաբաշխողներ:
Ի հավելումն, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է 2020թ. մարվող 700 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարման առաջարկի (հետգնման) արդյունքները, որը ավարտվել է 2015թ. մարտի 18-ին ժամը 17-ին (Նյու-Յորքի ժամանակով)` համաձայն 2015թ. մարտի 12-ի պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրի պայմանների: 2020թ. մարվող եվրապարտատոմսերի հետգնված ծավալը կազմել է 199,928,000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում 2015թ. մարտի 26-ից հետո այդ եվրապարտատոմսերի շրջանառության մեջ մնացած ծավալը անվանական արժեքով կկազմի 500,072,000 ԱՄՆ դոլար:
«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքի գործակալներ:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին