Մանվել Գրիգորյանի դուստրը՝ լավագույն դատավոր
Մարտի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2014 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները: Դատավորների թվում է նաև գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» մրցանակները սահմանվել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ և շնորհվում են յուրաքանչյուր տարի:
2014 թվականի լավագույն դատավորների և դատարանների ընտրության նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը պետք է կատարեր համապատասխան ուսումնասիրություններ և ներկայացներ եզրակացություն հարցի վերաբերյալ: Հանձնաժողովը սահմանել է «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում թեկնածուների որոշման հիմնական չափորոշիչները, դրանք են՝
1. Քննվող գործերի քանակը,
2. Բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը,
3. Գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը,
4. Դատավորների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և այլ միջոցառումներին,
5. Կարգապահությունը,
6. Դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները,
7. Դատավորի մասին մամուլի հիմնավորված հրապարակումները,
8. ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը և դրանց ընթացքը,
9. Դատավորի վարքագիծը և հեղինակությունը,
10. Կոլեկտիվի վերաբերմունքը դատավորի նկատմամբ:
Վերոնշյալ չափանիշների հիման վրա՝ 2014 թվականի լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
Տարվա լավագույն դատարաններ են ճանաչվել Սյունիքի մարզի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները:
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում այժմ քննվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի քրեական գործը: Ավելի վաղ նա քննել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը: Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն էլ քննել է «բանդայի» գործը: