Արցախում մարտի 17-26-ը փորձնական մարդահամար կանցկացվի

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կարևորելով մարդահամարի անցկացման նշանակությունը՝ Ա. Աղաբեկյանը հորդորել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել համապետական միջոցառմանը՝ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Մինչև հիմնական մարդահամարի կազմակերպումը հոկտեմբերին, հանրապետությունում մարտի 17-26-ը կանցկացվի փորձնական մարդահամար՝ հիմնական մարդահամարի մեթոդաբանության, կազմակերպական աշխատանքների, նյութերի մշակման ծրագրերի և տեխնոլոգիական գործընթացների փորձարկման նպատակով:

Նիստում հանձնաժողովի հաստատմանն էր դրված փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծրագիրը: Այն հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Նա իր խոսքում նշել է, որ ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, և մարտի 17-ից սկսվելու է երկրորդ փուլը:

Փորձնական մարդահամարն անցկացվելու է Ստեփանակերտում, Մարտակերտի և Հադրութի շրջանների Հաթերք և Տող համայնքներում՝ ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան 1 տոկոսը: ԱՎԾ նախագահի՝ մարդահամարի գծով տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը զեկուցել է, որ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են ԼՂՀ քարտեզները՝ բնակավայրերի անվանումներով, քաղաքների քարտեզները՝ փողոցների անվանումներով և շենքերի համարներով, ինչպես նաև գյուղերի սխեմատիկ հատակագծերը:

Արթուր Աղաբեկյանը հանձնարարել է կադաստրի պետական կոմիտեի նախագահին համագործակցել մարդահամարի անցկացման վարչության հետ՝ անհրաժեշտ ժամկետներում համապատասխան նյութերը ԱՎԾ-ին տրամադրելու համար: Փոխվարչապետը տվել է միջոցառման մասին բնակչությանը պատշաճ կերպով իրազեկելու և կազմակերպչական այլ հարցերով մի շարք հանձնարարականներ ևս:

Տեսանյութեր

Լրահոս