«Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ-ն պայթեցնելու քայլը և հետևանքները ցույց տվեցին, որ ՀՀ-ն չի կարող լինել պառլամենտական հանրապետություն». Քաղաքագետ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հավանության է արժանացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը՝ նշելով, որ ինքն ամեն դեպքում ունի որոշակի մտահոգություններ:
Նախագահը նշել է, որ դեռևս լավ չի պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է «անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը», ինչը, նախագահի կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում. «Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը»:
168.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախագահի այս ելույթից կարելի՞ է ենթադրել, որ նա ավելի հակված է գործող կիսանախագահական համակարգը կատարելագործելուն, քան խորհրդարանական համակարգին անցնելուն:
Գ.Համբարյանը նշեց, թե նորմալ է, որ նախագահը դրական եզրակացություն է տվել սահմանադրական բարեփոխումներին, որովհետև նա է եղել սահմանադրական բարեփոխումների և կառավարման համակարգի փոփոխման կողմնակիցը.
«Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ-ն պայթեցնելու քայլը և հետևանքները ցույց տվեցին, որ ՀՀ-ն չի կարող լինել պառլամենտական հանրապետություն, որովհետև դուք տեսաք՝ Հայաստանի երկրորդ ամենահզոր և ամենահարուստ քաղաքական ուժերից մեկին նախագահն ընդամենը մեկ ելույթով խաղից դուրս հանեց: Դա նշանակում է, որ կուսակցական շինարարությունը, կուսակցությունների գործունեությունը շատ թույլ հիմքերի վրա է դրված, այսինքն՝ եթե նախագահն ուզենա, կարող է բոլոր կուսակցությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, և դա՝ այն դեպքում, երբ մեր երկիրը, մեր հասարակությունը պատրաստ չէ պառլամենտական կառավարման համակարգին:
Մենք պետք է նաև ունենանք բավական լիազորություններ ունեցող նախագահ, որովհետև դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե մենք լինեինք պառլամենտական հանրապետություն, և ԲՀԿ-ն պայթեր, դա ինչ հետևանքներ կունենար կառավարման համակարգի համար: Ժողովուրդը քաղաքական ուժերին ոչ թե իր գաղափարախոսությունով է ճանաչում, այլ բրենդային դեմքերով՝ ինչպիսիք են նույն Սերժ Սարգսյանը, նույն ԲՀԿ-ն, որի դեմքն էր Գագիկ Ծառուկյանը, որը դուրս եկավ ԲՀԿ-ից, և նույնիսկ ԲՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք ԲՀԿ-ի անդամ են եղել նրա համար, որ այդ կուսակցության առաջնորդն է եղել Գագիկ Ծառուկյանը»:
Հարցին՝ այսինքն՝ հավանականությունը մե՞ծ է, որ կիսանախագահական համակարգը չի փոխվի, քաղաքագետն այսպես պատասխանեց.
«Ես չգիտեմ՝ հավանականությունը մե՞ծ է, թե՞ ոչ: Ինքս շատ ուրախ կլինեի, որ նախագահն իր քայլերի հետևանքները տեսնելով՝ հասկանար, որ ՀՀ-ն լիիրավ պառլամենտական պետություն չի կարող լինել»: