«Պետք չէր պայքար մղել Կրեմլի սիրելին լինելու համար…»
«Ակնհայտ էր, որ անցյալ տարի ընդդիմությունը, որն իրեն ոչ իշխանություն էր կոչում, անկեղծ չէր հասարակության հետ՝ ներկայացնելով, որ ինքը կառավարություն է փոխել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման կապակցությամբ ունեցած հանդիպումների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ արդեն այսօր ակնհայտ է, որ այդ կառավարությունը փոխվել էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ընդամենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակրանքը շահելու, Սահմանադրության փոփոխություններում նրանց համաձայնությունն ունենալու համար. «Եվ քանի որ «Բարգավաճ Հայաստանը» մի փոքր այլ ճանապարհով գնաց, Սերժ Սարգսյանը, ըստ էության, որոշեց չեղյալ համարել իր բոլոր պայմանավորվածությունները: Հիմա, կարծում եմ՝ նաև խնդիր կա կառավարության առումով, որովհետև դա եղել է պայմանավորվածության մի մասը»:
Ս.Սաֆարյանը հիշեցրեց, որ ինքը միշտ եղել է կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցը. «Եթե անգամ այդ եռյակը կամ քառյակը ձևավորվում էր, ապա ես պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե բավականին հզոր ճնշում օգտագործվեր՝ Հանրապետական կուսակցությանը փոքրամասնություն դարձնելու ուղղությամբ և Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ուղղորդելու այնպես, ինչպես պետք էր: Երեկ տեղի ունեցածն ինձ ապշեցրեց: Ինչպե՞ս կարող է մի քաղաքական ուժ, որի դեմ տրամադրված է ամբողջ հասարակությունը, ամբողջ քաղաքական համակարգը, այնպես մատների վրա ֆռռացնել ամեն ինչ, որ ուղղակի մնացածը, որ կարող էին մեծամասնություն լինել փոփոխությունների գործընթացում, փոքրամասնություն դարձած, Ազատության հրապարակի խայտառակ բեմականացումից հետո՝ գնում են և ասում են՝ այո, մենք համաձայն ենք փոփոխություններին»:
Ս. Սաֆարյանը կողմ է, որ քաղաքական ուժերը մասնակցեն բանակցություններին, բայց բացարձակապես չի ողջունում, երբ դա արվում է «այսպիսի զիգզագներից, ինքնանվաստացումից հետո և այսպիսի գնով»:
Քաղաքագետը նկատեց, որ հիմա թևակոխել ենք այնպիսի փուլ, երբ ձևավորվում է 2017-ի խորհրդարանը, և հիմա բոլորը պետք է սպասեն, թե ինչ է իրենց զիջվելու, եթե համաձայնեն մտնել սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ. «Ցավում եմ, որ կարող էին խաղի կանոնները փոխել՝ օգտագործելով մեծ ճնշում, բայց չարվեց, երբ կարող էին պայքարել Հայաստանի Եվրոպական ասոցացման պայմանագրի համար, որը կփոխեր 2017-18 թվականի Հայաստանի արտաքին միջավայրը և թույլ կտար ընդդիմությանը՝ ունենալ հաղթելու շանսեր, չարվեց, որ կարող էին պահանջել օր առաջ ԵՄ-ի հետ բանակցությունները և խախտված բալանսը վերականգնել, այլ ոչ թե պայքար մղել Կրեմլի սիրելին լինելու համար: Ցավոք, չարվեց, հետևաբար՝ այն, ինչ տեղի է ունենում, ինձ համար շատ տխուր է»:
Մանրամասները՝ տեսանյութում: