Ռուսաստանի ղեկավարությունում սպասվում են կադրային գլոբալ փոփոխություններ. Իլարիոնով
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարությունում սպասվում են կադրային գլոբալ փոփոխություններ: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կփոխարինի Սերգեյ Իվանովը, իսկ Պուտինին կուղարկեն հանգստանալու:
Այս մասին իր բլոգում գրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, Վաշինգտոնում գտնվող Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովը: Նա նշել է, որ այդ իրադարձությունները կանվանվեն «գեներալների դավադրություն»:
Փորձագետի խոսքերով՝ փետրվարի 27-ից բացակայող Սերգեյ Իվանովը (Պուտինի աշխատակազմի ղեկավար, պաշտոնաթող գեներալ-գնդապետ) հայտնվել է հանրության առջև՝ ամրապնդելով Ռուս ուղղափառ եկեղեցու հետ միությունն ու իրեն առնվազն երաշխավորելով չեզոք դիրքորոշում:
Նիկոլայ Պատրուշևը (ՌԴ ԱԽ-ի քարտուղար, բանակի գեներալ) Պյատիգորսկում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ընդունել է (Չեչնիայի ղեկավար) Ռամզան Կադիրովի կապիտուլյացիան:
Իլարիոնովի տվյալներով՝ ըստ ամենայնի, վճռված է նաև Վլադիմիր Կոլոկոլցովի (ՌԴ ՆԳՆ-ի ղեկավար, գեներալ-գնդապետ) հրաժարականի հարցը. «Այլ կերպ ասած՝ թվում է, թե կաթվածահար են եղել «ազգային առաջնորդի» ուժային ու ֆինանսական հիմքերը»:
Իլարիոնովը նաև ուշադրություն է դարձրել Պուտինի անհետացման վրա. «Նրա ղազախական այցի չեղյալ հայտարարումն ու նրա «հիվանդության» մասին տեղեկատվական ակտիվ արտահոսքը ստիպում են մտածել այն մասին, թե ներկայումս ֆիզիկապես որտեղ և ինչ վիճակում է գտնվում նա:
Եթե առաջարկված վերլուծությունը ճիշտ է, ապա առաջիկա օրերին պետք է սպասել հրաժարականի»: Իլարիոնովի կարծիքով՝ դրանից հետո ակնհայտ է, որ հասարակությունը կիրազեկվի, որ ազգային առաջնորդը կարիք ունի արժանի հանգստի: Իլարիոնովը համոզված է, որ դավադրությանը մասնակցում են ոչ միայն գեներալները, այլև՝ ուժայինները: