Այս տարվա առաջին 2 ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 մլրդ դրամով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում բյուջեի հավաքագրման տեսանկյունից: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերատարվել են մոտ 8 միլիարդ դրամով:

Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի:

Ամենաշատ թերակատարումը, մեր տեղեկություններով, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով:

ՊԵԿ-ում հույս ունեն, որ բյուջեի եկամուտների նվազումը կկարողանան փոխհատուցել ԵՏՄ մաքսային միասնական հաշվեհամարից ստացվելիք գումարներով: Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքը ուղղվում է հենց այդ միասնական հաշվին, այնտեղից էլ դրա 1.13 տոկոսը ետ է վերադարձվում ՀՀ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ երկրներ ներմուծման-ծավալները կտրուկ նվազել են, ինչը նշանակում է, որ նվազելու է նաև ՀՀ փոխանցվելիք գումարը: Մի խոսքով, արդեն տարվա սկզբից ի հայտ են եկել բյուջեի կատարման հետ կապված խնդիրներ, որոնք գնալով խորանալու միտում ունեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս