Նոր ընդդիմությո՞ւն է ձևավորվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների մեջ են: Վերջիններս քննարկում են Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներն ու փորձում ընդհանուր հայտարարի գալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ՍԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն է։ Հայրիկյանը, մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այղ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր Խորհրդարանը, Պահպանողական եւ «ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները։ Հայրիկյանն ասաց, որ քննարկումները սկսվել են փետրվարի 9-ից.

«Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ ու գործողությունների ծրագիր չունենք, դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով։ Նպատակներին էլ ավելի ուշ կծանոթանաք։ Մենք դանդաղ, բայց հետետղականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»,- նշեց Հայրիկյանը։ Մեր դիտարկմանը, որ հավաքված ուժերը հիմնականում դեմ են հանդես եկել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, Հայրիկյանը արձագանքեց.

«Անշուշտ, այդպիսի գաղափարականներ կան։ Նախնական հայտարարության նախագծում այսպիսի առաջարկ կար, որ տեքստում լինի.

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը գերագույն արժեք համարող քաղաքական ուժեր ենք»։ Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել.

«Միակ առաջարկը որ եղել է, այն է, որ հրավիրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաեւ Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին։ 7 ուժերի չորս հանդիպում արդեն իսկ եղել է»,- հայտարարեց ԱԻՄ ղեկավարը։ Հայրիկյանից հետաքրքրվեցինք այդ 4 քննարկումների ընթացքում ի՞նչ հարցեր կան, որոնց շուրջ ունեն միասնական տեսակետ, ինչին նա պատասխանեց.

«Մասնավոր առաջարկներ են եղել, դա հարթակ է իրար լսելու, բայց դեռ որոշում չկա»։ Մեր մյուս հարցին, թե իշխանափոխություն իրականացնելու հարցում ունե՞ն միասնական դիրքորոշում, նա արձագանքեց.

«Այդ հարցով որոշում չկա, բայց ճշգրտում արված է։ Այո՛, բոլորն էլ գտնում են, որ դա հրամայական անհրաժեշտությունն է, բայց դեռ ծրագրերի ու քայլերի վերաբերյալ հստակ բան չկա։ Ուրիշ , հարց չի քննարկվել»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս