ԵՊՀ-ն 6, իսկ ԵՊԲՀ-ն և ՀԱՊՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը փետրվարի 21-ին կայացած նիստում երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Հանձնաժողովի որոշմամբ Երևանի պետական համալսարանին շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով:

Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը:

Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ, նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, իսկ բուհերին համապատասխան վկայական կշնորհվի:

Հավատարմագրված ուսումնական հաստատությունները երկամսյա ժամկետում ՈԱԱԿ-ին պետք է է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր և համապատասխան ժամանակացույց:

Հավատարմագրման կարգի համաձայն`հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:

Ըստ հավատարմագրման կարգի`հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող էր կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:

Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս