ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Ուկրաինային հատկացնել 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստել, որը նախատեսում է մինչև 2017 թվականն Ուկրաինային հատկացնել 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
Օրինագծի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեք Թորնբերին ու կոնգրեսական Ադամ Սմիթը: Օրինագիծը նախատեսում է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն Ուկրաինային մատակարարել ուսումնական հանդերձանք, պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինություն, լոգիստիկ աջակցություն:
Այդ ամենի համար նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ դոլար: Ադամ Սմիթն իր նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը որոշել է վերադարձ կատարել «Սառը պատերազմի» ժամանակներին, իսկ տնտեսական պատժամիջոցներն ընդհանրապես չեն փոխել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պլանները: