Թուրքիայի ՀԿ-ները համաշխարհային առաջնորդներին կոչ են արել ապրիլի 24-ին չանարգել ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գործող հասարակական մի շարք կազմակերպություններ երեկ դիմել են համաշխարհային առաջնորդներին՝ կոչ անելով ապրիլի 24-ին ժամանել ոչ թե Թուրքիա՝ կապված Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունների հետ, այլ՝ այցելել Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Մասնավորապես, նման կոչ են հղել Մարդու իրավունքների միության և այլատյացության ու խտրականության դեմ հանձնաժողովը, Իզմիրի ասորական եղբայրությունը, Մշակութային և համերաշխության պլատֆորմը, «Նոր Զարթոնք» կազմակերպությունը, www.suryaniler.com մշակութային պլատֆորմը, «Զան» սոցիալ-քաղաքական տնտեսական հետազոտությունների հիմնադրամը:

Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերից բացի, ցեղասպանության են ենթարկվել նաև ասորիներն ու հույները:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Թուրքիայի իշխանությունները, վիթխարի կոտորածների սկիզբն ազդարարող ժամկետը վերածելով հաղթանակի տոնակատարության, այդպիսով անարգում են ցեղասպանության զոհերի հիշատակն ու նվաստացնում են նրանց թոռներին, հրաժարվում են պատշաճ հարգանք ցուցաբրել զոհերի նկատմամբ:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները համաշախարահային առաջնորդներին կոչ են արել չանարգել ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդու իրավունքների միության փոխնախագահ Էրեն Քեսքինը հայտարարել է, որ կան մի շարք երկրներ, որոնք բացեիբաց չեն ճանաչում ցեղասպանությունը, և իրենք նրանց կոչ են անում ապրիլի 24-ին գնալ Երևան:

Տեսանյութեր

Լրահոս