ՄԱԿ-ի ներկայացուցիչը պարզաբանել է, թե որ դեպքում խաղաղապահներ կուղարկվեն Դոնբաս
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհեն Հակը մեկնաբանել է Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը: Հակն ընդգծել է, որ որպեսզի դա տեղի ունենա, պետք է կատարվի երկու պայման.
«Անպայմանորեն անհրաժեշտ է, որ այդ մասին դիմում ստացվի երկրից, ինչպես նաև անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի կողմից հաստատված մանդատ: Ներկա դրությամբ չկա այդ երկու պայմաններից որևէ մեկը»: Նա հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ը տվյալ թեմայով չի իրականացնում պաշտոնական որևէ քննարկում:
Սրանից առաջ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ այսօր Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Ուկրաինայի արևելք ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու հարցը: