Պուտինը չի վախենում, որ իր քաղաքականության պատճառով ավելի քան 60 միլիարդ դոլար կորցրած օլիգարխները կարող են միավորվել իր դեմ. Forbes
Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատում գտնվող միլիարդատերերը դժգոհ են Ուկրաինայի ու Արևմուտքի դեմ նրա ագրեսիվ քաղաքականությունից, քանի որ դա նրանց համար արժեցել է ունեցվածքի մեկ քառորդի կորուստ:
Նրանցից ոմանք համարձակվում են ժամանակ առ ժամանակ քննադատել նախագահին, սակայն դրա հետ մեկտեղ օլիգարխները վախենում են միավորվել նրա դեմ: Այս մասին պարբերականի էջերում գրում է Փոլ Ռոդերիգ Գրեգորին: Նրա խոսքերով՝ Ռուսաստանում Պուտինին 15 տարի առաջ իշխանության են բերել օլիգարխների խումբն ու Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի շրջապատի ուժայինները:
Ի տարբերություն խորհրդային էլիտայի՝ ռուսական ներկայիս ընտրանու համար պարտադիր չի համարվում «առաջնորդի» կուրսին անպայմանորեն հետևելն ու նրան աջակցություն հայտնելը: Պուտինն իր շրջապատի առանձին մարդկանց թույլատրում է քննադատել իրեն:
Դրա օրինակն է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ով Դավոսում համարձակորեն քննադատեց Մոսկվայի քաղաքականությունը: Սակայն տնտեսական քաղաքականությունը քննադատելը մեկ բան է, իսկ արտաքին ու ներքին քաղաքականությունը քննադատելը՝ մեկ այլ բան:
Ուշադրության արժանի է 85-ամյա Եվգենի Պրիմակովի ոչ վաղ անցյալում ունեցած ելույթը Մոսկվայում: Միխայիլ Գորբաչովի ժամանակներից ԽՍՀՄ-ի պետական ապարատում աշխատած Պրիմակովը, ով Ելցինի ժամանակ եղել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարը, իսկ 1998-1999 թվականներին գլխավորել է կառավարությունը, մերթ ընդ մերթ բավական քննադատական արտահայտություններ օգտագործեց Պուտինի պահվածքի վերաբերյալ, ընդ որում՝ չխորշելով նախագահի հասցեին ուղիղ մեղադրանքներ հնչեցնելուց:
Մասնավորապես, խոսելով Ռուսաստանում ապակենտրոնացում իրականացնելու անհրաժեշտության մասին՝ Պրիմակովը հիշեցրել է նախագահի տված, բայց չկատարված խոստումների մասին, որոնք առնչվել են նավթի ու գազի վաճառքից տնտեսական կախվածությունից ձերբազատվելուն:
Պրիմակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի ինքնամեկուսացման քաղաքականությունից, որը վերջին մեկ տարում իրականացնում է Պուտինը: Բացի այդ, նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է հրաժարվի Արկտիկայում նավթ և գազ արդյունահանելու պլաններից, քանի որ ներկայումս միջազգային շուկայում էներգակիրներն էժան են, և անիմաստ է այժմ դրանով զբաղվելը:
Պրիմակովը Ղրիմում կամուրջ կառուցելու հնչեղ պլանները որակել է որպես «հեռուստաշոու», որն իրականում հնարավոր չէ կյանքի կոչել: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի կազմում Դոնբասի ընդգրկվելը համապատասխանում է Ռուսաստանի շահերին, ինչի համար էլ Ռուսաստանը չպետք է աջակցի անջատողականներին:
Պրիմակովն ընդգծել է, որ Մոսկվան պետք է ահաբեկչության ու թմրավաճառության դեմ պայքարի հարցերում բաց գտնվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար, ինչպես նաև կարիք չկա բռնություններ գործադրել ընդդիմության նկատմամբ, քանի որ այն չունի հանրաճանաչություն ու սպառնալիք չի ներկայացնում ռեժիմի համար:
Պուտինը սեփական շրջանակներում որևէ կերպ չի արձագանքել այդպիսի քննադատությանը: Ռուսաստանի օլիգարխներն իրականում դժգոհ են նախագահի ագրեսիվ քաղաքականությունից, քանի որ դա վնասել է նրանց խոշոր բիզնեսին և արդեն իսկ արժեցել է ավելի քան 60 միլիարդ դոլար, ինչը համարժեք է նրանց ունեցվածքի մեկ քառորդին:
Սակայն Պուտինը չի վախենում, որ օլիգարխները կարող են միավորվել իր դեմ, քանի որ ՊԱԿ-ի գծով իր վաղեմի ընկերները վերահսկում են ուժային բոլոր կառույցները: Անհնազանդության դեպքում ռուս օլիգարխներից յուրաքանչյուրին, որոնց նախագահը վերջին 15 տարում ընձեռել է ապօրինաբար հարստանալու հնարավորություն, կարող է կրկնել Վլադիմիր Եվտուշենկովի ճակատագիրը, ով հետաքննության տակ հայտնվեց իր նավթային ընկերությունը վաճառելուց հրաժարվելու համար:
Դրանով իսկ 21 օլիգարխ, որոնք վերահսկում են Ռուսաստանի հարստության մեծ մասը, իրականում շարունակում են մնալ անօգնական վիճակում, քանի որ բռնապետը կարող է յուրաքանչյուր պահի խլել նրանց ունեցվածքը: Մինչդեռ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը չի խնայել իր ընկերներներին և նրանց բանտ է նստեցրել, երբ նրանցից որևէ մեկը դեմ է հանդես եկել իր գծին:
Իսկ Պուտինը «պատանդ է պահում» իր շրջապատի սեփականությունը: Ռուս նախկին օլիգարխներից Սերգեյ Պուգաչովը հայտարարել է, որ Ռուսաստանում այլևս սահմաններ գոյություն չունեն պետական ու մասնավոր սեփականության միջև: