ԱՄՆ-ում որոշել են դիտարկել Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_6440012161122c5289689235ad3c2ac8.jpg)
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականներն ուկրաինական բանակի նոր պարտություններից հետո վերստին սկսել են դիտարկել Ուկրաինային պաշտպանական սպառազինություն մատակարարելու հնարավորությունը:
Զենքի մատակարարմանն աջակցում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը: Տվյալ հարցը քննարկվելու է այս շաբաթ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ուկրաինական այցի ժամանակ: Ընդ որում՝ բանակցություններին կարող է մասնակցել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին:
Բացի այդ, իր դիրքորոշումը կարող է վերանայել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը, ով ավելի վաղ դեմ է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն: Միևնույն ժամանակ Սպիտակ տունը պաշտոնապես դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը: