Մոմավառություն՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի (լուսանկարներ)
Ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի` հունվարի 20-ին Ազատության հրապարակում առավոտից մինչ ուշ գիշեր մոմավառություն էր տեղի ունենում: «Ժողովրդական սգո օրվան» մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, մարդկանց հոսքն առավոտից չէր դադարում, իսկ Օպերայի աստիճանների վրա ավելանում էին մոմերն ու խաղալիքները:
Մոմավառությունն Ազատության հրապարակում օրեր առաջ էր սկսվել. հայ ժողովուրդը սգում էր փոքրկի հարազատների մահը ու մեծ հույսով աղոթում այն միակ Ավետիսյանի համար, որը ողջ էր մնացել դաժան ողբերգությունից հետո: Այսօր արդեն քաղաքացիները հենց փոքրիկի համար են հարգանքի տուրք մատուցում ու լուռ խոնարհվելով` աղոթում մի ամբողջ ընտանիքի համար:
Չնայած Հայաստանում պաշտոնապես սգո օր չհայտարարվեց, դա ամենևին չխանգարեց այն մարդկանց, որոնք հայտարարեցին «Ժողովրդական սգո օր» ու հիմա, գալով Ազատության հրապարակ, լուռ սգում ու աղոթում են Ավետիսյանների ընտանիքի համար:
Պաշտոնապես սգո օր չհայտարարվելուն դեմ է գրեթե ամբողջ ժողովուրդը:
Ազատության հրապարակ այցելած քաղաքացիներից է նաև Ծովինար Չիլինգարյանը, ով նույնպես համաձայն չէ այդ որոշմանը. «Մենք ունեինք, այսպես ասած, «սգո օրի» մշակույթ. և՛ Անդրանիկ Մարգարյանի մահվան ժամանակ սգո օր հայտարարվեց, և՛ կործանված ինքնաթիռի համար…
Սգո օրեր եղել են, ու դրա մշակույթը մենք ունենք: Կարծում եմ` պետք է պետական բոլոր դրոշներն իջեցվեին, այդ թվում՝ նաև Ռուսաստանինը: Երևի թե իրենք չէին ուզում, որ այդպիսի հնչեղություն ստանա, այնինչ հնչեղությունը, իրականում, ստացել է ժողովրդի կողմից»:
Ազատության հրապարակում հարգանքի տուրք մատուցվում է սպանության հենց առաջին օրվանից, սակայն հունվարի 20-ը մի փոքր տարբերվում էր մյուս օրերից: Գևորգ Մարգարյանը, ով հենց առաջին օրվանից ամեն օր Ազատության հրապարակում է անցկացնում իր օրվա մեծ մասը, այսօր իր ընկերների հետ միասին մոտ 40 000 մոմ է գնել ու քաղաքացիներին անվճար բաժանել:
Մյուս օրվա համար էլ մոմերն արդեն գնել են ու դեռ պատրաստ են շարունակել այս ամենը: Շատերն են մոտենում նրանց ու հարցնում` արդյոք վաճառո՞ւմ են նրանք, իսկ տղաները շարունակում են սիրով բաժանել բոլոր մոմերն ու հետևում են ամբողջ ընթացքին:
«Այսօր ժողովուրդը մի փոքր ավելի շատ է. մոտ 40 000 մոմ ա բաժանվել այսօր: Սա ոչ Քաղաքապետարանն է անում, ոչ ինչ-որ մի ձեռնարկություն. մենք մեր ուժերով ենք բերում բոլոր մոմերը (դե, ժողովուրդն էլ ա բերում, բայց հիմնականում մենք ենք անում): Մոտ կես ժամ առաջ էինք 900 հատ մոմ բերել, ու արդեն վերջանում է: Բոլորն են հարցնում` «վաճառո՞ւմ եք», զարմանում են…
Երևի գիտեն` Քաղաքապետարանն է բաժանում: Մենք հիմա ո՛չ Քաղաքապետարանից հույս ունենք, ո՛չ էլ «ալիգարխ» ենք: Եթե այսօր ղեկավարությունը մտածեր սրա մասին, հաստատ էս էրեխեքի նկարները սկոչով կարտոնի վրա կպցրած չէր լինի. գոնե ավելի կոկիկ կլիներ: Ես եմ աղբանոցից տուփ բերել ու նկարներից մի քանիսի վրա կարտոն փակցրել. տենց մոմերի մոտ դրած արդեն վառվում էին: Դե, իրականում մենք չենք էլ սպասում ոչ մի արձագանքի»,- ասում է Գևորգ Մարգարյանը:
Քաղաքացիները նույնպես ցանկության դեպքում գումար են տալիս տղաներին ու առաջարկում են իրենց օգնությունը: Մոմերի հետ միասին, քաղաքացիները նաև խաղալիքներ ու ծաղիկներ են բերում ու աղոթելով զգուշությամբ դնում հարյուրավոր մոմերի կողքին: Լուռ աղոթքին հունվարի 20-ին նաև միացավ հոգևորականների բարձր երգն ու աղոթքը, և Ազատության հրապարակում բոլորի աղոթքը միաժամանակ հնչեց` ի հիշատակ Ավետիսյանների:
Շատ հարցեր այսօր իրենց հստակ պատասխանները չեն գտնում, ու այս ամենը հայ ժողովրդի աչքից չի վրիպում: Շատերն ասես հիասթափված են պետության ու ղեկավարների անտարբերությունից ու բազում հարցերի պատասխաններ էլ իրենք իրենց են փորձում գտնել:
Քաղաքացի Տիգրան Մովսիսյանը նույնպես հիասթափված է այսօրվա իրականությունից, ու արդեն քանի օր է` շատերի հետ միասին, մասնակցում է մոմավառությանը: «Ինձ համար լրիվ անհասկանալի է մեր իշխանությունների պահվածքը: Չգիտեմ, կարծես վախենում են ինչ-որ բան ասել, ձայն հանել. վախենում են իրենց վերադասից, որը Կրեմլում է նստած: Կարծում եմ` մենք լրիվ կորցրել ենք մեր ինքնիշխանությունը:
Երբ Գյումրիի ռազմաբազայի հրամանատարն ավելի մեծ իշխանություն ունի մեր հողի վրա՝ քան մեր ղեկավարությունը: Ժողովուրդը վրդովված է, որ ոչ մի բացատրություն չկա այս ամենի համար. շատ անհասկանալի պահեր կան: Օրինակ, երբ հայտնել են մեր Ոստիկանությանը, որ բազայից զենքով զինվոր է փախչել, ինչո՞ւ ոչ մի բան չի ձեռնարկվել:
Ինչո՞ւ ոստիկաններ չեն եղել փողոցներում այդ ժամանակ: Հայտնի է, որ ռուսական զորամասերում շատ վատ մթնոլորտ է` և՛ ալկոհոլիզմ, և՛ թմրամոլություն… Ու ո՞նց կարող է զինված մարդը դուրս գա բազայից ու մտնի քաղաք: Եվ փոխարենը բազայի հրամանատարին պատժեն, այսօր նա ինչ ուզում՝ անում է»,- ասում է քաղաքացի Տիգրան Մովսիսյանը:
Ազատության հրապարակում իրականացվող մոմավառությունը կշարունակվի, և դեռ շատերը կգան ու կաղոթեն Ավետիսյանների համար: Ցավոք, աստիճանների վրա դրված խաղալիքները փոքրիկ Ավետիսյանների մանկության ընկերները չեն լինի, բայց միասնական ժողովրդի աղոթքները կհասնեն նրանց բոլորին:
Լուսանկարները` հեղինակի