Moody’s-ը նվազեցրել է հայաստանյան 2 բանկերի վարկանիշները
Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը երեկ իջեցրել է հայկական երկու բանկերի՝ ՎՏԲ Հայաստան բանկի և Արդշինբանկի վարկանիշները։ Արդշինբանկի վարկանիշը՝ ազգային արժույթով երկարաժամկետ դեպոզիտների և օտարերկրյա արժույթով չապահովված առաջնային պարտքերի գծով Ba2-ից նվազեցվել է Ba3-ի։ Իսկ Արդշինբանկի և ՎՏԲ-ի արտարժութային դեպոզիտների վարկանիշը նվազեցվել է Ba3-ից B1:
Երկու բանկերի կանխատեսումները կայունից փոխվել են բացասականի։
Ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, այս փոփոխությունը հաջորդել է է Հայաստանի վարկունակության թուլացմանը, որն արտահայտվեց հունվարի 15-ին երկրի կառավարության պարտքային վարկանիշը Ba2-ից Ba3 իջեցնելով և արտարժույթով դեպոզիտների սահմանաչափը Ba3-ից B1-ի հասցնելով։
Բանկերի վարկանիշի նվազեցումը Moody’s-ը պայմանավորել է հիմնականում հենց վերը նշված հանգամանքով։
Նշենք, որ Հայաստանյան բանկերից միայն ՎՏԲ բանկը և Արդշինբանկ են վարկանշվում այս գործակալության կողմից: