Տեր-Պետրոսյանն արդեն երրորդ շարժումն է պառակտում. 1in.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունվարի 20-ին նշանակված խորհրդաժողովին, որին հրավիրված են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և շարժումներ, չի մասնակցի ՀԱԿ-ը, քանի որ Կոնգրեսը կողմնակից է եռակողմ և երկկողմ ձևաչափով հանդիպումներին: Քանի որ այս հանդիպումը դուրս է այդ ձևաչափից, Կոնգրեսը և նրա առաջնորդը չեն մասնակցի այդ հավաքին:

Ըստ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի՝ Կոնգրեսի և Տեր-Պետրոսյանի՝ խորհրդաժողովին չմասնակցելուց շարժումն ամեն դեպքում տուժում է, որովհետև պառակտում է գնում:

«Ես ուղղակի զարմանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, որ համարում է, թե միայն ինքն է հավակնորդը: Պառակտելով ինչքա՞ն կարելի է… Արդեն երրորդ շարժումն եք պառակտում: Եթե դա համաժողովրդական շարժում է, փաստորեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միանում են, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Գնում ես նպատակիդ, գործիդ աշե, ի՞նչն է խանգարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը լումա ունի տված ժողովրդին, իսկ իրենք թալան, բայց թե որը կգնահատի ժողովուրդը ավելի շատ՝ դա հարց է:

«Գոյություն ունի հավակնություն, ՀԱԿ-ը այդպես էլ չդարձավ համաժողովրդական ուժ: Հիմա ճիգեր է գործադրում Ծառուկյանը, ցանկանում է բերել համաժողովրդական շարժումը միաձուլման, խանգարում է: Ինչո՞ւ պետք է ամբիցիաները խանգարեն՝ կլինի Կարապետյանը, Իսագուլյանը, դու քո գործն արա: Եթե դեմ է դուրս գալիս, ուրեմն պառակտում է»,- հավելեց նա:

Նա մեծ ակնկալիքներ ունի խորհրդաժողովին, քանի որ այս խորհրդաժողովին կընդգծվի շարժման լիդերը, ինչից էլ վախենում է ՀԱԿ-ը, որովհետև չի կարող համաժողովրդական շարժումը առանց լիդեր լինի: «Եթե հնչի Ծառուկյանի անունը, իրենք ինչ է՝ պետք է դեմ քվեարկեն կամ կողմ, դա իրենց մտահոգում է, որովհետև հայտնվել են անհարմար վիճակի մեջ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Անդրադառնալով եռյակին՝ նա նշեց, որ դրանք «սուտի» մոտեցումներ են: Տեսնում ենք, որ երեկվա դաշնակից Դաշնակցությունը այսօր սահմանադրական փոփոխությունների կողմնակից է: Փաստորեն, պետք է համաժողովրդական ուժ լինի, հզոր ուժ լինի և ընդգծված ղեկավար: Նրա խոսքով՝ այդ ժամանակ դա կաշխատի, բոլորս համախմբվում ենք ղեկավարի շուրջ, և այդ ուժը ունենում է հզորություն:

Իսկ եթե ՀԱԿ-ն ընդհանրապես որոշի այս պայքարից դուրս գա և առանձնանա, Տիգրան Կարապետյանը կարծում է, որ դրանից շարժումը չի տուժի, քանի որ ՀԱԿ-ը մեծ ուժ չէ:

«Իրենք իրոք իրենց աստղային ժամը կորցրել են: Ունեին աստղային ժամ, հիմա քաղաքականությունը հետողորմյա չի լինում»,- հավելեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս