Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է ԼՂ-ի հարցում վճռական քայլ չձեռնարկելու մեջ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում գտնվող նախագահական պալատում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը նախ կայացել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Դրանից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս: Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են երկկողմ հարարաբերությունների հարցն ու տարածաշրջանային խնդիրներ: Ընդգծվել է, որ երկրի նախագահ ընտրվելուց հետո Էրդողանն իր առաջին այցերից մեկն իրականացրեց Ադրբեջան, իսկ Ալիևի ներկայիս այցը նրա արտասահմանյան առաջին այցն է այս տարի:

Էրդողանը հայտարարել է, որ ներկա դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 5 միլիարդ դոլարի, և որ իրենք նպատակադրվել են այդ ցուցանիշը 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) կհասնի 15 միլիարդ դոլարի:

Էրդողանի խոսքերով՝ երկու երկրներն էլ ունեն համապատասխան քաղաքական կամք՝ այդ ցուցանիշին հասնելու համար: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Էրդողանն ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ վճռական քայլ չի ձեռնարկել, և հակամարտության կարգավորման հարցը ձգձգվում է:

Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը «պետք է լուծվի» Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և որ իրենք աջակցում են Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծելու համար այդ հարցը:

Անդրադառնալով TANAP գազատարի խնդրին՝ Էրդողանը հայատարարել է, որ այն ունի ռազմավարական մեծ կարևորություն ու օգտակարություն: Էրդողանի խոսքերով՝ ակնկալվում է, որ այս տարեվերջին շահագործման կհանձնվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, և դրանով իսկ կբացվի Պեկին-Ստամբուլ երկաթուղին: Էրդողանը հիշեցրել է, որ այս տարի G20-ում նախագահում է Թուրքիան՝ Ալիևին հրավիրելով G20-ի գագաթաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս