Թբիլիսիում Տեխնոլոգիական համալսարանը կառուցելու է Բիձինա Իվանիշվիլին
Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի տեխնոլոգիական համալսարանը կառուցելու է «Կարտու» հիմնադրամը: Այս մասին հայտարարել է հիմնադրամի նախագահ Նիկոլոզ Չխեթիանին: Նրա խոսքերով՝ տվյալ նախագիծն ունի մի քանի տարվա պատմություն և իրենց հիմնադրամն ակտիվորեն աշխատում է այդ հարցի շուրջ.
«Արդեն իսկ հանդիպումներ են անցկացվել միջազգային տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ: Համալսարանը կառուցվելու է Թբիլիսիում, քանի որ Թբիլիսին ենթակառուցվածքների ու տարածքային առումներով առավել շահավետ է նմանատիպ խոշոր նախագծերի համար»:
Չխեթիանին հայտարարել է, որ Թբիլիսիի տեխնոլոգիական համալսարանում կսովորեն մեծ թվով ուսանողներ: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Բաթումում գտնվող Տեխնոլոգիական համալսարանի շենքը 25 միլիոն լարիով կհանվի աճուրդի:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խստապես դատապարտել էր Բաթումում Տեխնոլոգիական համալսարանի շենքն աճուրդի հանելու մտադրությունը՝ հայտարարելով, թե Բիձինա Իվանիշվիլին վախենում է կրթված անձանցից: