«ՀՅԴ-ն ստեղծում է պայմաններ, հետո բոլորն այդ պայմաններից օգտվում են, բայց այդ ընթացքում հայհոյում են ՀՅԴ-ին». Արմեն Ռուստամյան
Այսօր ՀՅԴ կուսակցության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ ՀՅԴ-ի գնահատականներն ու առաջարկները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայեցակարգի մեջ ամրագրվել են իրենց հիմնական մոտեցումներն ու տեսակետները: «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանում եղած խնդիրները պահանջում են երկրում իրականացնել ոչ թե պարզ իշխանափոխություն, այլ ամբողջական՝ այն իմաստով, որ զուգահեռ կատարվի համակարգի փոփոխություն, որ նոր իշխանություններից մենք նորից չսկսենք բողոքել, ինչպես մինչև հիմա եղել է»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա՝ կա նույնացում իշխող կուսակցության և պետության միջև, և նրա խոսքով՝ քանի դեռ այս իրավիճակը չի փոխվել, ոչինչ հնարավոր չէ դրական իմաստով ակնկալել. «Մեր հիմնական խնդիրն այս ընթացքում լինելու է այն, որ պարզ հասարակության համար հասկանալի դառնա, որ այն հարցերը, որոնք իրենք ունեն այսօր կենցաղում, դրանք կապված են Սահմանադրության հետ: Այդ կապը հաստատված է ոչ միայն մեր տեսական գիտելիքներով, այլև աշխարհի փորձով»:
Ա. Ռուստամյանը նկատեց նաև, որ ոչ մի Սահմանադրություն էլ չի արգելում, որ որևէ լավ բան արվի, բայց ըստ նրա՝ Սահմանադրությունը պետք է մեխանիզմ ամրագրի, որ այդ լավ բանը պարտադիր կատարվի.
«Այս հայեցակարգով փորձել ենք ամրագրել այն մեխանիզմները, որոնք կապահովեն ոչ միայն կառավարման համակարգի փոփոխություն՝ դեպի խորհրդարանական համակարգ, այլ կամրագրեն այնպիսի մեխանիզմներ, որ ավելի լիարժեք կդարձնի հակակշռումը և զսպումն իշխանական համակարգի մեջ, որը մեր գլխավոր հարցն է: Այս մենիշխանության հարցը, որը գնահատված է հայեցակարգում, վերացնելու գլխավոր ուղղությունը պետք է լինի իշխանության համակարգի մեջ լիարժեք, ամբողջական և գործուն մեխանիզմներ ամրագրելը, որոնք կհակակշռեն և կզսպեն իշխանություններին»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ այս փուլում իրենք ներկայացրել են այն, ինչ իրենք են պատկերացնում, և այդ ուղղության հավանություն ստանալու դեպքում՝ կլինեն լիարժեք համակարգային փոփոխություններ. «Իհարկե, ամբողջական կարող է չլինել մեր ասածը, կարող է սա լրացվել նաև նրանց կողմից, ովքեր առաջարկներ կունենան՝ ավելի ամրապնդելու այն գաղափարները, որի մասին մենք խոսում ենք: Մենք սրանով պետք է գնանք բանակցելու իշխանությունների, բոլորի հետ: Առաջիկայում նախատեսվում են քաղաքական կոնսուլտացիաներ: Հաջորդ փուլը Նախագահի հետ կոնսուլտացիաներն են, մյուս փուլն այն է, որ մտնելու է Ազգային ժողով, ու կսկսվեն քննարկումներ, որոնց ժամանակ ևս պետք է շատ հստակ լինեն քաղաքական ուժերի մոտեցումներն ու դիրքորոշումները»:
Լրագրողներից մեկի հարցին՝ Դուք արդեն գիտեք ոչ իշխանական ուժերի կարծիքն այս մասին, ինչի՞ շուրջ են լինելու այդ կոնսուլտացիաները, համոզելո՞ւ եք նրանց հակառակում, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ այդ կոնսուլտացիաները նախատեսված են՝ ըստ ընթացակարգի:
Նա նշեց, որ այն, ինչ իրենք հայեցակարգում գրել են, որ իշխանությունն էլ լինի, պետք է դա անի. «Եթե այսօրվա իշխանություններն են դա անում, մենք պատրաստ ենք աջակցել: Եթե վաղվանը կանի, էլի պատրաստ ենք աջակացել, բայց եթե սա Հայաստանում տեղի չունեցավ, մենք չենք ունենալու այն խնդիրների լուծումը, որի մասին խոսվում է»:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ իրենք ոչ իշխանական քաղաքական ուժերի տեսակետներին ծանոթ են. «Բայց իրենք խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարին դեմ չեն: Իրենք համարում են, թե իբր հիմա դրա ժամանակը չէ, բա ե՞րբ է դրա ժամանակը: Եթե չենք վստահում, որ դա կկատարվի, դա ուրիշ բան է, եկեք իրար հետ միասին վերահսկենք, ստիպենք, որ կատարվի»:
Նա նկատեց, որ նախնական հայեցակարգը, որ իշխանությունները ներկայացրել էին, այսքան միանշանակ դեպի խորհրդարանական համակարգ չէր նախատեսում. «Մենք աշխատեցինք այս հանձնաժողովի հետ՝ ի տարբերություն մեր գործընկերների, և արդեն այս հայեցակարգի մեջ մի զգալի մասով մեր մոտեցումներն ամրագրված են: Իրար հետ որ պահանջենք՝ իշխանությունները ավելի կզիջեն, չէ՞: Հիմա մենք միայնակ ենք գնում սա անելու: Դաշնակցությունն անում է, ստեղծում է պայմաններ, հետո բոլորն այդ պայմաններից օգտվում են, բայց այդ ընթացքում հայհոյում են Դաշնակցությանը: Նույն ԱԺ-ի փոփոխությունները՝ ընդդիմության տեղերի մեծացում: Այն ժամանակ մեզ ինչ ասես՝ ասացին, հիմա ոչ իշխանական ուժերից քանի՞ հանձնաժողովի նախագահ կա, ինչի՞ չեն խոսում: Այսինքն՝ լավ է, չէ՞, որ ճիշտ բան է արվում, բոլորն օգտվում են դրանից, բայց եկեք միասին անենք և այդ խանդի տեսարանը չստեղծենք, աշխատենք խորքային փոփոխություններով մեր երկիրը տանել առաջ»: