«Զուգահեռ կառույցը» անգամ Հայկական հարցում է գործում Թուրքիայի դեմ. Չավուշօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին.
«Զուգահեռ կառույցը (Գյուլենական շարժում) մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները՝ Թուրքիային սևացնելու ու վնասելու համար: Զուգահեռ կառույցն անգամ Հայկական հարցում է գործում Թուրքիայի դեմ:
Խոսքը 2015 թվականի դեպքերի (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) ու մյուս դեպքերի մասին է: Նրանք համագործակցում են Թուրքիայի դեմ գործող բոլոր տարրերի հետ՝ լինի դա Հայկական սփյուռքը, թե՝ այլք:
Այդ անձինք ասում են՝ «Մենք թուրք ենք», սակայն նրանք անում են ամեն բան՝ այս երկիրը թուլացնելու համար: Նրանք անգամ Աֆրիկա են գնում, զբաղվում են Թուրքիայի դեմ քարոզչությամբ, Եվրոպայում ջանքեր են գործադրում Թուրքիայի դեմ հոդվածներ տպելու համար: ԱՄՆ-ում էլ մեծ միջոցներ են ծախսում Թուրքիայի դեմ որոշումների ընդունման համար:
«Զուգահեռ կառույցը» գործում է ամենուրեք և ծախսում է մեծ գումարներ: Մենք գիտենք, որ նրանք աշխատում են ամենուրեք՝ սենատորների, կոնգրեսականների, քաղաքապետների, տեղական կառավարողների հետ: Նրանք մեծ գումարներ են ծախսում, իսկ թե որտեղից նրանց այդպիսի գումարներ, ես չգիտեմ»: