Միթ Ռոմնին կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում
Politico թերթի փոխանցմամբ` ԱՄՆ ն ախագահի նախկին թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
2012 թվականի նախագահական ընտրություններում Ռոմնին պարտվել էր գործող, դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային: 2016 թվականին Օբաման այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը, քանի որ ԱՄՆ-ի Սահմանադրությունն արգելում է երկու անգամից ավելի դառնալ երկրի նախագահ (4 տարի ժամկետով):
Ներկա դրությամբ 2016 թվականի նախագահական ընտրությունների համար դեմոկրատների թվում ամենահավանական թեկնածուն ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:
Հանրապետականներն իրենց հերթին չունեն ընդգծված առաջատար, սակայն ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-ավագի որդի և Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջոբ Բուշը հայտարարեց, որ հետաքրքրված է իր թեկնածության առաջադրմամբ:
Նա սկսել է արագորեն իր շուրջ հավաքել կուսակցության ազդեցիկ ուժերին: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով է, որ Ռոմնին հենց հիմա է բացահայտում իր մտադրությունները: Ավելի վաղ Ռոմնին եղել է Մասաչուսեթսի նահանգապետը: