Մերկելը պետք է ճնշում գործադրի Յացենյուկի վրա. Human Rights Watch
ZN.UA-ի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պետք է ճնշում գործադրի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի վրա, որպեսզի ուկրաինական բանակն ապահովի Դոնբասի հակամարտության գոտում խաղաղ բնակիչների անվտանգությունը:
Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպանական կազմակերպությունը: Վերջինս կարծում է, որ Մերկելը պետք է ընդգծի Ուկրաինայի ՊՆ-ի կողմից ռուսամետ անջատողականների հետ պայքարող զորքերին հստակ ու կոնկրետ հրամաններ տալու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք քաղաքացիական բնակչությամբ շրջաններում չօգտագործեն պայթուցիկ զենքի որոշակի տեսակներ:
Մերկելը նաև պետք է հասնի նրան, որ Ուկրաինայի իշխանությունները հետաքննեն երկրի արևելքում ուկրաինական զորքերի կողմից կատարված հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, քանի որ ուկրաինացի զինվորականները քաղաքացիական օբյեկտները շփոթել են ռազմական օբյեկտների հետ:
HRW-ի` Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինայի ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, և հետևաբար նրա կառավարությունը պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ղեկավարության կողմից պատերազմն օրենքներով վարելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: