Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազը խոստանում է հասնել Ինտերպոլի կողմից Սաակաշվիլու հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելուն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին խոստացել է անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի հայրենիքում քրեական մի շարք գործերի շրջանակներում մեղադրվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հանդեպ հետախուզում հայտարարվի Ինտերպոլի կարմիր շրջաբերականով.

«Գլխավոր դատախազությունը դիմել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը՝ կապված կարմիր շրջաբերականով Միխեիլ Սաակաշվիլու հանդեպ հետախուզում հայտարարելու հետ: Բոլոր գործերը, որոնցում նա մեղադրվում է, մոտ ժամանակներս կներկայացվեն դատարանի դիտարկմանը: Ես անում եմ ամեն բան, որպեսզի Սաակաշվիլու հանդեպ հետախուզում հայտարարվի կարմիր շրջաբերականով»:

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլու հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգը սկսել է օգոստոսի 31-ին: Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սաակաշվիլու նկատմամբ մեղադրանքներ է ներկայացրել 4 քրեական գործով.

1) անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2)  2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիայի ցրում, «Իմեդի» հեռուստաընկերության ավերում ու հեռուստաընկերությունը նրա հիմնադիր, ներկայումս հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլուց խլում, 3) 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկում, 4) 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանություն:

2014 թվականի օգոստոսի 14-ին Վրաստանում որոշվել է Սաակաշվիլու հանդեպ հայտարարել ներպետական հետախուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս