Բաժիններ՝

«Արթիկ» ՔԿՀ կալանավորին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց. Փաստաբանը ձերբակալվել է

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին տեսակցության գնացած փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների դեպքի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին նշված է ՀՀ քնչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Ըստ դրա՝ փաստաբանը ձերբակալվել է։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ:

Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստաբանի նյութերի նախապատրաստման ժամանակ բացատրություն է տվել, որ այդ լիցքավորիչն ինքն է նետել զուգարան։
Նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` կասկածելի զանգվածից 55,7 գրամը հանդիսանում է մարիխուաննա , իսկ 0,25 գրամը՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով փաստաբանն այսօր ձերբակալվել է։ Միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս