Էրդողանը հակաբեղմնավորիչներ կիրառելը որակել է որպես պետական դավաճանություն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հակաբեղմնավորիչներ կիրառելը որակել է որպես պետական դավաճանություն: Էրդողանը նորապսակներին, որոնց հարսանիքին մասնակցել է, կոչ է արել ունենալ առնվազն երեք երեխա:
Էրդողանը հայտարարել է, որ ծնելիությունն ունի շատ կարևոր տնտեսական ու հոգևոր նշանակություն: Նոյեմբերին էլ Էրդողանը հայտարարել էր, որ տղամարդիկ ու կանայք հավասար չեն, իսկ ֆեմինիստուհիները չեն հասկանում մայրանալու կարևորությունը: 2012 թվականին Էրդողանը փորձել էր արգելել հղիության արհեստական ընդհատումները, սակայն վերջին հաշվով տեղի էր տվել հասարակական դժգոհության ներքո:
Բացի այդ, փորձագետները նրան խորհուրդ էին տվել, որ դա չի լուծի խնդիրը և կարող է անգամ խորացնել այն, քանի որ մարդիկ կսկսեն հղիության արհեստական ընդհատում գաղտնի իրականացնել ամեն տիպի հակասանիտարական պայմաններում: 1990-2012 թվականներին Թուրքիայում անկում է ապրել ծնելիության մակարդակը: