Մարտահրավերներին ընդառաջ
2014 թվականն առանձնահատուկ տարի էր` փոփոխությունների իմաստով։ Շատերն արդեն իսկ այն անվանում են սառը պատերազմի վերսկսման տարի։ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը հասավ իր լարվածության գագաթնակետին։ Աշխարհաքաղաքական թոհուբոհը մեզ չշրջանցեց։ «Կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն, իբր, վարում էինք վերջին տարիներին, վերջնականապես սպառեց իրեն, և հարկավոր էր ընտրել` հետագայում ո՞ւմ հետ ենք` Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի։ Մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)։ Սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ դժվար է ասել` հաջորդ Նոր տարին կդիմավորե՞նք որպես ԵՏՄ անդամ, թե՞ ոչ։ Դեռևս միայն թղթի վրա գոյություն ունեցող այդ կառույցի ներսում նույնպես լուրջ հակասություններ են ի հայտ գալիս։ Բելառուսն արդեն բազում առիթներով հակադրվել է Ռուսաստանին։
Երեկ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ու կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել երկրի արևելքում ստեղծված իրավիճակը:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա Ռուսաստանի հետ այս երկրի հակասություններն ավելի են խորանում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտնել է, որ Պուտինը դեռ չի պլանավորել առանձին հանդիպում Բելառուսի նախագահի հետ։ Լուկաշենկոն նախօրեին ժամանել էր Կիև և տնտեսական համագործակցություն հաստատելու շուրջ պայմանավորվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ Կիև մեկնելու նախօրեին նա քննադատական մի շարք հայտարարություններ էր հասցեագրել Մոսկվային` Բելառուսից մսամթերքի մատակարարումների վրա արգելք դնելու` Ռուսաստանի քաղաքականությունը որակելով` որպես «կատարյալ հիմարություն ու անխելքություն»:
Դժվար է ասել, թե այս ամենն ի վերջո ինչի կհանգեցնի։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է. խնդիրները գնալով ավելի են խորանում, իսկ անորոշությունն ու անկանխատեսելիությունը` մեծանում։ Ու այս պարագայում Հայաստանին սպասում են նոր, ավելի լուրջ մարտահրավերներ։ Սա ոչ թե հոռետեսություն է, այլ սթափ հայացք։ Այնպես որ, անշրջելի ոչինչ չկա։ Պարզապես պետք է փորձել ամեն ինչին պատրաստ լինել և իրավիճակից դուրս գալ եթե ոչ` շահած, ապա` գոնե նվազագույն կորուստներով։